Քանի արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի եւ Էլինար Վարդանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ձեռքբերելուն վերաբերող հարցերի շուրջ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, իրավապաշտպաններ, ՀՀ գործադիր մարմնի ներկայացուցիչներ: Պատգամավորները նկատել են, որ այս հարցի վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեն թե՛ իրավապաշտպաններն ու իրավաբանները, թե՛ ԼՂ մեր հայրենակիցները: «Բայց այսօր փորձենք հասկանալ, թե իրականում խնդիրն ինչում է: Սեպտեմբերի տվյալներով, ինչպես մեզ փոխանցել են, 4300 մեր հայրենակից է դիմել, որոնցից 3000-ն արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն»,- ասել է Էլինար Վարդանյանը՝ հավելելով, որ նշված թվերը կարող են մի փոքր փոփոխված լինել:
Ելույթներ ունեցողները նկատել են՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք չեն շտապում ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ պայմանավորված մի քանի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Իսկ պատճառները բազմաբնույթ էին. դրանք վերաբերում էին ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ԼՂ վերադառնալու հետ կապված մտահոգությանը, քաղաքացիություն ստանալուց կարճ ժամանակ հետո զինծառայության զորակոչվելուն, փաստաթղթերի հետ կապված խնդիրներին, սոցիալական հարցերին եւ այլն:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է հարցի հետ կապված իրավական կարգավորումները, իրականացվող աշխատանքները, պատասխանել ներկաների հարցերին:
Քննարկման ընթացքում ներկայացվել են տվյալներ, ըստ որոնց՝ նախորդ օրվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արդեն դիմել է 6338 բռնի տեղահանված անձ, քաղաքացիություն ստացել է 4394-ը:
Ամփոփելով քննարկումը՝ Էլինար Վարդանյանը նշել է, որ հարցը մնում է օրակարգային: Պատգամավորի խոսքով քննարկումները կլինեն շարունակական: