Ինչո՞վ են զբաղված ԵՄ դիտորդները Ջերմուկում. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եվրամիության դիտորդական առաքելության անդամների մի խումբ՝ 13-14 հոգուց կազմված, մշտապես տեղակայված է Ջերմուկում: Նրանք` վարորդների, օգնականների հետ, հանգրվանել են Ջերմուկի 3-աստղանի «Անի» հյուրատանը, այն ամբողջությամբ փակել` միայն իրենք են բնակվում, այլեւս դրսից հյուրեր չեն ընդունում:
Ջերմուկցիները պատմեցին, որ դիտորդները գրեթե ամեն օր շրջում են մարզում` մեկնում են սահման, սահմանից մի քանի կիլոմետր այս կողմից հետեւում են իրավիճակին: Տեղի ադմինիստրացիայի հետ եվրադիտորդները գրեթե շփում չունեն` ոչ մի տեղեկատվություն չեն պահանջում, չեն փոխանցում, եւ ոչ ոք չգիտի, թե նրանց գործունեությունն ինչում է արտահայտվում:
Սակայն բոլորը միաբերան նշում են, որ եվրոպացի դիտորդների ժամանումը շատ է ուրախացրել ջերմուկցիներին` նրանց ներկայությամբ մարդիկ իրենց պաշտպանված են զգում: 2022-ից հետո ադրբեջանական կողմի ագրեսիայի բացակայությունն էլ ջերմուկցիները դիտորդների ներկայության հետ են կապում եւ ուզում են, որ նրանք էլի մնան: Դիտորդները հաճախ փողոց են դուրս գալիս, շփվում ջերմուկցիների հետ եւ մշտապես հետաքրքրվում են, թե մարդիկ իրենց ինչպես են վերաբերվում:
Կարծում են, որ սարի լանջին հանգրվանած ադրբեջանական զինուժն էլ, որը դեռ 22-ին ամրաշինական աշխատանքներ է իրականացրել եւ վերեւից հետեւում է քաղաքին, ցրտերն ընկնելուն պես հեռացել է տարածքից, բայց գարնանը հետ կգա»:
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։