Ասլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում, որը կայացավ երեկ՝ երեկոյան, երիտասարդները նվաստացրել են իրենց գործընկերոջը՝ Հակոբ Ասլանյանին:
Ինչպես հայտնեցինք, երեկ՝ երեկոյան, Հակոբ Ասլանյանը, ի համերաշխություն ընկերոջ՝ Հովիկ Աղազարյանի, հայտարարել էր, որ մեկ ամսով կասեցնում է կուսակցական գործունեությունը ՔՊ-ում, մինչև հասկանա, թե ինչ է կատարվում Աղազարյանի շուրջ:
Հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը շտապեց իր ուսուցչին փոխանցել թերևս Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն ուղարկված ՍՄՍ-ի բովանդակությունը, որ Ասլանյանը շտապել է իր հայտարարության մեջ:
Ասլանյանը, համացանցից օգտվելու կարողություն չունենալով, 5 անգամ էկրանանկար (screenshot) տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում, շտապեց ArmLur.am-ին հարցազրույց տալ, թե տաք սրտով է որոշում կայացրել, հիմա ուղեղը սառն է և փոշմանել է: Բայց զղջումը չօգնեց Ասլանյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նախ՝ Հակոբ Ասլանյանին ՔՊ խմբակցության վերնախավը դժվար է գտել, հետո՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը թիմակիցներին տեղեկացրել է, որ Ասլանյանի հետ խոսել են, կմասնակցի խմբակցության նիստին: Ապա, հավաքվելով ԱԺ 334 սենյակում, երիտասարդները ամոթանքի տեղատարափ են հեղել, վիրավորել, նվաստացրել են 3 պատերազմների մասնակից Ասլանյանին, որից հետո քվեարկության են դրել նրա հեռացման հարցը և միաձայն որոշել հեռացնել խմբակցությունից: Թիմակիցները անգամ Ասլանյանի բացատրությունները չեն լսել, ընդհատել են, ծաղրել, բղավել:
Կարճ ասած՝ ստորացրել են ու հեռացրել:
Հիմա Ասլանյանը մտածում է շարունակե՞լ մնալ պատգամավոր, թե՞ մանդատը վայր դնել: Բայց հակված է մնալ, նստել Աղազարյանի կողքին՝ որպես որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր:
Մնում է սպասել, թե Ասլանյանի հեռախոսի պարունակությունը երբ կհայտնվի վարչության, ապա խմբակցության պատգամավորների սեղանին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում