Միհրանյանը իր Հայաստան մուտքի արգելքը կապել է Փաշինյանի քննադատության հետ. «Վախենում է»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուս պատմաբան, ՄԳԻՄՕ-ի Համեմատական քաղաքական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանն իր Հայաստան մուտքի արգելքը կապել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բռնապետության ու վախկոտության հետ, news.ru-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ ներկայումս Հայաստանում փաստացի մեկ անձի իշխանություն է: «Ցավոք, մարդիկ, ովքեր պնդում են, որ ժողովրդավարություն են հաստատում, որ իրենք առաջադեմ են արևմտյան ոճով, ի վերջո հաստատում են բացարձակ բռնապետական իշխանություն։ Ընդհանրապես, Փաշինյանն այսօր ավելի շատ դիկտատոր է, քան վարչապետ։ Հիմա Հայաստանում փաստացի գործում է մեկ անձի կառավարում, ամեն ինչ այդ մարդու շուրջ է պտտվում։ Ըստ ամենայնի, Փաշինյանը վախկոտ է»,- ասել է Միհրանյանը։
Նա խոստովանել է, որ քննադատաբար է խոսել Հայաստանի վարչապետի քաղաքականության մասին։ Քաղաքագետը հավանական է համարում, որ Փաշինյանը հավաքել է իրեն քննադատող մարդկանց մի ամբողջ ցուցակ: Միհրանյանը միաժամանակ պարզաբանել է, որ այդ ցուցակում կան մարդիկ տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից, օրինակ Մարգարիտա Սիմոնյանը, Արամ Գաբրելյանովը և Կոնստանտին Զատուլինը։ Նրանց Հայաստան մուտքի արգելքը նա անվանել է կոպտություն, անհանդուրժողականություն և ագրեսիվություն։ Պատմաբանը կարծիք է հայտնել, որ Փաշինյանը փաստացի կորցնում է հանրային աջակցությունը: «Կա անվտանգության աշխատակիցների հսկայական բազմություն, որը բաժանում է Հայաստանի վարչապետին ժողովրդից։ Նա մի մարդ է, ով ցանկանում էր հեծանիվ քշել կամ քայլել ամբոխի մեջ, բայց այսօր նրան հսկում են գրեթե հարյուր հոգի: Նա ուժեղացնում է ոչ թե բանակը, այլ իր անձնական անվտանգությունը, քանի որ վախենում է ամեն ինչից ու դրա համար հիմքեր ունի։ Ժողովրդի ճնշող մեծամասնությունը նրան տանել չի կարող»,- հավելել է քաղաքագետը։
Միհրանյանը նաև ասել է, որ Հայաստան մուտքի արգելքն իր համար անակնկալ չի եղել: Նա հիշեցրել է, որ Զատուլինին ու Սիմոնյանին ուղարկվել էին համապատասխան թղթեր, սակայն իրեն ոչ, ուստի որոշել էր անձամբ ստուգել, թե արդյո՞ք իրեն թույլ կտան մտնել Հայաստան։ Միհրանյանն ընդգծել է, որ մուտքի մերժման վերաբերյալ որևէ բացատրություն չի ստացել: Նրա խոսքով, բացատրություն չէր էլ կարող լինել, քանի որ այդ դեպքում Հայաստանի իշխանությունները պետք է խոստովանեն, որ չեն հանդուրժում ոչ մի քննադատություն։ «Ինչպես հասկացա, ինձ դրել են անձամբ Փաշինյանի հսկողության տակ։ Հասնում եմ, սահմանապահները նայում են համակարգչին, ինչ-որ բանկ են տեսնում, զանգում են ԱԱԾ պետին, նա էլ զանգում է Փաշինյանին։ Այդպես է ներս թողնել-չթողնելու որոշում կայացվում: Իրականում ինձ այնտեղ պահեցին երկու ժամ՝ սպասելով զանգի, հավանաբար, մինչև շեֆին հասան, մինչև նա էլ հասավ Փաշինյանին։ Դե, հետո ինձ ասացին, որ ինձ արգելում են ներս մտնել»,- եզրափակել է քաղաքագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը