Ադրբեջանին խաղաղեցնելու Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը ձախողվում է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի իշխանությունների Ադրբեջանին խաղաղեցնելու քաղաքականությունն աստիճանաբար ձախողվում է, ինչի վկայությունն են Բաքվից հնչող չդադարող սպառնալիքներն ու պահանջները։ Եվ որքան էլ Երևանում փորձեն ձևացնել, թե չեն լսում այդ սպառնալիքները, վաղ թե ուշ ստիպված են լինելու պատասխանել դրանց։ Sputniknews.ru-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Նորայր Դունամալյանը։
«Բաքուն շարունակում է փորձել ճնշում գործադրել Երևանի վրա պահանջելով փոխել Սահմանադրությունը, որն իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Ավելի վաղ այդ երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն Երևանից սպասում է «գործնական քայլերի» Սահմանադրությունը փոխելու համար, և որ ՍԴ սեպտեմբերի որոշումը չի բավարարում ադրբեջանական կողմին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ Բաքուն պահանջում է դադարեցնել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, -ասել է նա,- այս պահանջներին հայ պաշտոնյաներն արձագանքում են բավականին իներտ և դանդաղ փորձելով հնարավորինս «չգրգռել» Բաքվի իրենց գործընկերներին։ Եվ նույնիսկ ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումում, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, խոսելով անցյալ տարի տեղի ունեցած «զանգվածային հանցագործությունների» մասին, չմատնանշեց, որ այդ զանգվածային հանցագործությունները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում։ Նույն Միրզոյանը մոտ մեկ ամիս առաջ խորհրդարանում հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հայկական դիվանագիտության օրակարգում չկա»։
Դունամալյանի խոսքով, անվտանգության ընկալման մեջ կա խորը տարածաշրջանային ճգնաժամ: Անվտանգության ապահովման մեխանիզմների և ուղիների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները խիստ տարբերվում են։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը սկսեց և շարունակում է առաջ մղել տխրահռչակ «խաղաղության օրակարգը» գնալով ավելի ու ավելի շատ զիջումներ անելով Ադրբեջանին։ Բայց հիմա ակնհայտ է, որ այդ մարտավարությունը/ռազմավարությունն արդարացված չէ։ Եվ այդ զիջումներն Ադրբեջանին խաղաղեցնելու փոխարեն հանգեցնում են նրա ախորժակի ավելացմանն ու մաքսիմալիստական դիրքերի ամրապնդմանը։ Ի վերջո, դա կարող է հանգեցնել նոր ռազմական էսկալացիայի: Ավելին, Թուրքիան կարող է հրահրել այդ նոր սրումը Հարավային Կովկասում, հատկապես սիրիական իրադարձություններից հետո։
«Մենք տեսնում ենք, որ տեղեկատվական հող է նախապատրաստվում արդարացնելու նոր հնարավոր սրումը, և միևնույն ժամանակ, Հայաստանն այլևս չունի նոր գաղափարներ և օրակարգ՝ շարունակելու վատ խաղաղությունը, տեսնում ենք, որ նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշումը չի գոհացրել ադրբեջանական կողմին, և այս ֆոնին ես որևէ նախանշան չեմ տեսնում, որ կողմերը տեսանելի ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիր»,- ասել է փորձագետը։
Ադրբեջանի կողմից մաքսիմալիստական դիրքորոշումների մերժումը վերացնում է նորմալացման ցանկացած հնարավորություն։ Եվ նույնիսկ տխրահռչակ խաղաղության պայմանագիրը, եթե ինչ-որ հրաշքով այն ստորագրվի, կդառնա միայն անվանական փաստաթուղթ շատ աղոտ ձևակերպումներով, որը չի կարող խաղաղություն և կայունություն բերել տարածաշրջան։
Դունամալյանը տարածաշրջանում հետագա զարգացումները կապում է առաջին հերթին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների հետ և, մասնավորապես, Արևմուտքի և Իսրայելի կողմից Իրանի վրա ճնշում գործադրելու շարունակության հետ։ Շատ բան կախված է նաև ԱՄՆ նոր նախագահի քաղաքականությունից, նրանից թե արդյո՞ք Թրամփն ակտիվորեն կմիջամտի Հարավային Կովկասի գործերին, թե, ընդհակառակը, հավատարիմ կմնա մեկուսացման քաղաքականությանը։
«Բայց այդ հարցում կա նաև ներքաղաքական բաղադրիչ: Խոսքը Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների տեսական հնարավորության մասին է, և այն թե այս ֆոնին ինչպիսի հռետորաբանություն կկիրառի իշխող կուսակցությունը՝ պացիֆիստական, թե հայրենասիրական։ Այս հարցերի պատասխանները մեծապես կորոշեն հայ-ադրբեջանական ուղու հետագա սցենարները», -ավարտել է Դունամալյանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը