Պարտադիր ատեստավորմանը մասնակցած մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժների 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Մինչ ատեստավորման գործընթացի իրականացումը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են ՄԿՈՒ հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացներ: Դրանց մասնակցել են ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված 4 ուղղությունների (ոսկերչություն, գյուղատնտեսություն, ՏՏ, խոհարարություն) մասնագիտական և հատուկ մասնագիտական մոդուլներ դասավանդող 361 մանկավարժական աշխատողներ:
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը և համարվել ատեստավորված: Ատեստավորման արդյունքում՝
60-69 տոկոս արդյունք ցուցաբերել է 52 մանկավարժական աշխատող,
70-79 տոկոս արդյունք՝ 67 մանկավարժական աշխատող,
80-89 տոկոս արդյունք՝ 87 մանկավարժական աշխատող,
90-100 տոկոս արդյունք՝ 70 մանկավարժական աշխատող,
նվազագույն շեմը չի հաղթահարել 34 մասնակից:
Ատեստավորման գործընթացը միտված է մանկավարժական անձնակազմի աշխատավարձի բարձրացմանը. ատեստավորման արդյունքներով 70-79, 80-89 և 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողների դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, որի նկատմամբ կիրառվում է համապատասխանաբար 30%, 40%, 50% տոկոսի չափով հավելավճար: 60-69 արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողների դրույքաչափը փոխվում է` սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար՝ առանց հավելավճարի տրամադրման՝ համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի N 1912-Ն որոշման: