Գազագողության համար 10 մլն դրամով տուգանվել է Գեղանիստի նախկին գյուղապետը
ԻՐԱՎՈՒՆՔ«Գազպրոմ Արմենիան» 10 միլիոն դրամ տուգանել է ՀՀԿ-ական նախկին գյուղապետ Վաչիկ Ադիլխանյանին՝ գազի գողության համար։ Նախօրեին են «Գազպրոմ Արմենիա»-ի տեսուչները բացահայտել Ադիլխանյանի հանցավոր քայլը ու չի բացառվում, որ ընթացք տրվի նաև իրավական մասով, այս մասին Euromedia 24-ին հայտնել են աղբյուրները։
Հիշեցնենք Ադիլխանյանն այն գյուղապետն է, ով իր պաշտոնավարման 23 տարիներին կարողացավ կեղծ աճուրդներով ոչ միայն մեծածավալ հողեր, ընդհուպ իր նստավայր գյուղապետարանը սեփականաշնորհել։ Ադիլխանյանն այնքան ճարպիկ էր, որ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող խաչքար էր պատվիրել բյուջեի հաշվին՝ շուրջ 1,7 միլիոն փող էր դուրս գրել, իսկ հետո խաչքարին իր անունն է փորագրել։ Վերջում համոզել էր բնակիչներին, թե իբր գյուղի կենտրոնում իր անունից է հիշատակի խաչքարը կանգնեցրել։
Ադիլխանյանն ըստ մամուլի, իր պաշտոնավարման 23 տարիները ծաղկեցրել էր իր անձնական կարողություններն ահռելի ընդլայնելով։ Նրա հողերի վաճառքի ու աճուրդների մասին մամուլը հատորներով է գրել, բայց ամենազավեշտալին այն էր, որ և իրենով է արել գյուղի հողակտորների ամենայուղոտ պատառները մինչև անգամ հատուկ նշանակության հողակտորներ, որոնք վաճառքի հանելու իրավունք չկար։ Վաչիկ Ադիլխանյանն, ըստ մամուլի, կարողացել է հատուկ նշանակության հողերի համար շինթույլտվություններ է կորզել, կառուցել շինանյութի խանութ, պահեստներ, ավտոսերվիս և այլն։
Նշենք Գեղանիստը երևանամերձ՝ Արգավանդին կից բնակավայրն է, այս գյուղը 2020 թվականից հետո մտել է Մասիսի խոշորացված համայնքի փնջի մեջ։