Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստան ժամանած լեհ և լիտվացի եվրապատգամավորների հետ միասին, միացել է Զաարբրյուկենի կամրջի վրա ընթացող կենդանի շղթայական ակցիա-ներկայացմանը։ Նախագահին ուղեկցում են նրա ընտանիքի անդամներն ու նախագահի աշխատակազմի աշխատակիցները։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Միասնության շղթան նախաձեռնել են եվրոպամետ ցույցերի մասնակիցները՝ «Վրացական երազանքի»՝ եվրանդամակցության գործընթացը դադարեցնելու որոշումից մեկ ամիս անց։ «Միասնության շղթան» երկու պահանջ ունի՝ նշանակել արտահերթ ընտրություններ և ազատ արձակել ցույցերի ժամանակ բերման ենթարկվածներին։
Բացի Թբիլիսիից, քաղաքացիների շղթան նախատեսված է նաև շրջաններում և աշխարհի մոտ քառասուն քաղաքներում։ Մայրաքաղաքում մարդիկ կենդանի շղթա են կազմում Մետեխի կամրջից մինչև Վախուշտիի կամուրջ։ Քաղաքական գործիչները նույնպես միանում են շղթային՝ քաղաքի տարբեր հատվածներում:
Հիշեցնենք, ուղիղ մեկ ամիս է անցել այն օրվանից, երբ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ բողոքելու «Վրացական երազանք»-ի՝ եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականը կասեցնելու որոշման դեմ՝ պահանջելով արտահերթ ընտրություններ, պատժել ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին և ազատ արձակել ձերբակալվածներին։