Ծանոթ ու միաժամանակ անհայտ ... մկրատ
ՖՈՏՈՄկրատը մեր կյանքն է մտել դեռ հին ժամանակներից: Առաջին մկրատը ստեղծվել է ավելի քան երեք ու կես հազար տարի առաջ, և դրանք ոչ թե օգտագործվել են վարսահարդարման կամ թղթի կտոր կամ շոր կտրելու համար, այլ դրանց հիմնական նպատակը եղել է ոչխարներին խուզելը: Պատմության մեջ առաջին մկրատները նման էին բռնիչների (պինցետ), այսինքն բաղկացած էին դանակի երկու շեղբերից: Այդպիսի մկրատի հնագույն օրինակը հայտնաբերվել է հնագետների կողմից Եգիպտոսում և թվագրված է մ.թ.ա. 16-րդ դարով: Եվրոպայում և Ռուսաստանում մկրատների պատմությունը սկսվում է X դարից, և դրա վկայություններն են համապատասխան հնագիտական հայտնագործությունները: Մասնավորապես, ամենահին ռուսական մկրատը հայտնաբերվել է Սմոլենսկի մոտակայքում գտնվող Գնեզդովո գյուղի մոտ գտնվող Գնեզդովսկու գերեզմանների հնագիտական պեղումների ժամանակ: Մ.թ.ա. 8-րդ դարի կեսերին Մերձավոր Արևելքի արհեստավորներից մեկի գլխում միտք է ծագել մեխով ամրացնել երկու դանակների շեղբերը և հարմարության համար ամրացված դանակների կոթերը ճկել օղակների տեսքով: Այս կառուցվածքը հարմար էր գործիքը բռնելու համար և շուտով տարածում գտավ:
Հետագայում, մկրատի բռնակի ձևավորման համար սկսեցին օգտագործել գեղարվեստական կոփումը: Անձի անունը, որն առաջին անգամ որոշել է երկու շեղբերը միացնել մեխով և կլորացրել է բռնակը՝ պատմությունը չի պահպանվել: Այնուամենայնիվ ներկայիս ժամանակակից մկրատը, որը կտրում է թուղթը, կատարում է մանիկյուր, կտրում է մազերը և այլն՝ իրականում չի տարբերվում այդ նախամկրատից: Ժամանակին Լեոնարդո դա Վինչին է այս գործիքին տվել իր ամբողջական ձևը: Նրա ձեռագրերում հայտնաբերվել է ժամանակակից մկրատ հիշատակող գործիք: Մկրատների պատմությունը ժամանակի ընթացքում կանգ չի առել և դրանք սկսել են հարմարեցվել տարբեր գործողությունների համար (բժշկություն, մազերի կտրում, մանիկյուր և այլն): Սկսել են մկրատներ ստեղծել երկաթի և պողպատի տարբեր աշխատանքային տարբերակներով և իհարկե դրանք սկսել են դառնալ նաև շքեղության իրեր, քանի որ սկսել են օգտագործել ոսկի, արծաթ և թանկարժեք քարեր: Մկրատներ ստեղծող վարպետների ֆանտազիան սահմաններ չի ճանաչել, օրինակ կա հին մկրատ տարօրինակ թռչունի տեսքով, որը կտուցով է կտոր կտրում, մեկ այլը նման է խաղողի որթի, որի վրայի խաղողի ողկույզը հարմար է մատների համար, կամ էլ մկրատ հեքիաթային վիշապի տեսքով, որն իր յուրօրինակ նախշերով է և այլն։ Արդյունքում այդ իմաստավորված պատկերների պատճառով հաճախ մկրատը դժվար էր լինում օգտագործել իր բուն նպատակի համար։ Քանի որ միջնադարում մկրատը սկսել էին զարդարել, ստացվել էր, որ դրանք թանկարժեք և գործնական նվերներ էին դարձել կանանց համար: Անգամ սկսել էին մկրատների համար հատուկ կաշվե պատյաններ պատրաստել և այդ վիճակում նվիրել կանանց։
Ահա թե ինչու, ժամանակի ընթացքում մկրատը դարձավ բացառապես կանացի պարագա, չհաշված, իհարկե հազվագյուտ բացառությունները, որոնք ի դեպ մնում են նաև մեր ժամանակներում: Քանի որ պատմությունը չի դոփում մեկ տեղում, մկրատի օգտագործման ոլորտները ժամանակի ընթացքում ավելի ու ավելի են շատացել և օրինակ արդյունքում անգլիացիների կողմից ստեղծվել են սիզամարգերի հնձման, ֆրանսիացիների կողմից սագամիսը կտրելու մկրատներ, իսկ գերմանացիները ստեղծել են մետաղակտրիչ մկրատներ, որոնք անփոխարինելի են ավտովթարների և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ: Կերամիկական դանակների ստեղծումից հետո այս տեխնոլոգիան փոխանցվեց նաև մկրատներին: Պարզվեց, որ կերամիկական մկրատները մի քանի անգամ ավելի պինդ են, քան պողպատյա մկրատները: Իհարկե, մկրատների օգտագործման ժամանակակից ոլորտները կարելի է անընդհատ շարունակել, քանի որ գոյություն ունեն ինչպես մետաղն այնպես էլ սիգարները կտրելու մկրատներ, կան մազերը միլիմետրով կտրելու համար նախատեսված մկրատներ և այլ բազմաթիվ նպատակների համար նախատեսված նմանատիպ գործիքներ։ Գլխավորն այն է, որ մկրատը հիմա էլ պետք է մարդկությանն այնպես, ինչես պետք է եղել հազարավոր տարիներ առաջ, անկախ նրանից, որ ներկայումս ժամանակակից և բարձրտեխնոլոգիական աշխարհ է։
Կ․ Խաչիկյան