Ի՞նչ է փնտրում իրանցի պաշտոնյան Հայաստանում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։ Նրան Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ահմադիանը Երևան է եկել Բաքվից, որտեղ հանդիպել էր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հետ։ Թե ինչու է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հապճեպ ժամանում երկու հարևան երկրներին, կարելի է միայն ենթադրել՝ պատկերացնելով իրավիճակի կտրուկ սրումն ու Ադրբեջանի նախագահի հնչեցրած կոշտ սպառնալիքները։
Ուշագրավ է, որ Ահմադիանի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Ըստ թուրքական կողմի՝ Էրդողանն ասել է, որ Անկարան և Բաքուն կշարունակեն զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Թուրքիայի նախագահը վերահաստատել է Անկարայի լիարժեք աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը՝ շեշտելով, որ Անկարան միշտ լինելու է Բաքվի կողքին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևն, իր հերթին, ասել է, որ «ադրբեջանաթուրքական եղբայրական, բարեկամական և ռազմավարական դաշինքի հարաբերությունները զարգանում են «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով՝ ընդգծելով՝ «մեր երկրները միշտ միմյանց կողքին են»»։
Վերջին շրջանում Անկարայի և Բաքվի հարաբերություններն այնքան էլ անամպ չէին, իսկ ադրբեջանական ինքնաթիռի՝ ՌԴ տարածքում խոցումից հետո Ալիևը կրկին վերադարձել է Էրդողանի գիրկը։ Տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները յուրովի են պատրաստվում ինչ-որ «մեծ պայթյունի», բացի Հայաստանից, որի իշխանությունները շարունակում են իրենց անդարդ պահվածքը՝ Հայաստանի գլխին նոր արհավիրք բերելով։
Ալինա Սարգսյան