ԱՄՆ-ից հերքում են Հայաստանի իշխանությանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ տարածված տեղեկություններին, հայտարարել, թե Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի»։
Նախօրեին ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էր հայտարարել, թե hաջորդ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանն ու ԱՄՆ-ը կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար։ Այս համաձայնագիրը ներառում է մի քանի առանցքային ուղղություններ` անվտանգության, էներգետիկայի, տնտեսության, տեխնոլոգիաների ոլորտներում։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ չէր հերքել տեղեկությունը, ասել էր, որ հայ-ամերիկյան նախկին պայմանավորվածությունները ենթադրում են նման փաստաթղթի ստորագրում: Տարածաշրջանում իրավիճակի լարմանը զուգահեռ գործող իշխանությունն ու նրան սերտաճած քաղուժերը փորձում էին հանրությանը հերթական անգամ մոլորեցնել՝ իրենց խաղերում ներգրավելով նույնիսկ ԱՄՆ իշխանություններին։ Վաշինգտոնից հնչած «կիսահերքումը» վկայում է, որ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան քարոզչական մանր ժուլիկություն։ Իսկ Արևմուտքն ամենևին էլ Հայաստանի ընկերն ու բարեկամը չէ։
Աննա Մարգարյան