Սիրիայի դե ֆակտո ղեկավարն ակնկալում է, որ 2 տարվա ընթացքում հայրենիք կվերադառնա մինչև 14 միլիոն փախստական
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի դե ֆակտո նոր ղեկավար Ահմեդ ալ Շարաան վստահություն է հայտնել, որ նախկին նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո երկու տարվա ընթացքում հայրենիք կվերադառնա մինչև 14 միլիոն փախստական։ Այս մասին, TRT-ի փոխանցմամբ, նա հայտարարել է վավերագրող, յութուբյան բլոգեր Ջո Խաթաբին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ վերադարձի ալիքն արդեն սկսվել է։
«Վստահ եմ, որ միայն 1-1,5 միլիոն սիրիացի կմնա արտասահմանում»,- ասել է Ալ Շարաան։
Նա սուր քննադատել է նախկին վարչակարգին՝ պետական կառույցները բնակչությանը ճնշելու, ինչպես նաև խոշտանգումների ու սպանությունների համար օգտագործելու համար։ Ալ Շարաան ընդգծել է, որ իր վարչակազմի առաջնահերթությունները կլինեն արդարությունը, պետական ինստիտուտների վերականգնումը և երկարաժամկետ զարգացման նախագծերի իրականացումը։
«Հեղափոխությունն ավարտված է, և հիմա մենք պետք է հեղափոխական մտածողությունից անցնենք պետական մտածողության։ Մեր նպատակը հաղթանակն է՝ առանց վրեժխնդրության»,- ասել է նա՝ ընդգծելով հաշտեցման կարևորությունը երկրում երկարաժամկետ խաղաղության համար։