Բաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
karl-marks.ru-ն «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Ալիևի՝ Հայաստանին ուղղված վերջնագրերի իրական դրդապատճառները» վերնագրով հոդվածում գրում է, որ փորձագետ, քաղաքագետ և Անդրկովկասի հարցերով մասնագետ Դմիտրի Կարպովը մանրամասն վերլուծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները։ «Բաքուն, գրեթե ավարտված խաղաղության համաձայնագրի ֆոնին նոր պահանջներ ներկայացնելով Երևանին, ցուցադրում է բանակցային ճնշման դասական մարտավարություն»,- նշել է Կարպովը։ Նրա խոսքով, Ադրբեջանի ղեկավարի հռետորաբանությունը գնալով ավելի կոշտ է դառնում, չնայած իր իսկ հռչակած խաղաղության հասնելու ցանկությանը։
Փորձագետը հատուկ ուշադրություն է հրավիրել Հայաստանի «ապառազմականացման»՝ Ալիևի աննախադեպ պահանջի վրա։ «Դա բոլորովին նոր տարր է բանակցային օրակարգում։ Փաստացի, Բաքուն փորձում է հարևան պետությանը զրկել ինքնապաշտպանության իրավունքից, ինչը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»,- ընդգծել է քաղաքագետը։
Վերլուծելով Հայաստանին արդեն իսկ առաքված զենքերը վերադարձնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը՝ Կարպովը մատնանշել է տարածաշրջանում ռազմական գերակայությունը մենաշնորհելու Ադրբեջանի փորձը։ «Հատկապես ակնառու է Ֆրանսիայի հասցեին հնչող կոշտ քննադատությունը։ Ալիևը ձգտում է կանխել արևմտյան ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում, որը ավանդաբար համարվում է ռուսական շահերի գոտի»,- պարզաբանել է փորձագետը։
Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը ևս հատուկ ուշադրության է արժանի: «Դա աննախադեպ միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին։ Անգամ միջազգային հարաբերությունների ժամանակակից պատմության մեջ դժվար է գտնել օրինակ, երբ մի երկիր բացահայտորեն պահանջի մյուսից փոխել հիմնական օրենքը»,- նշել է Կարպովը։
Փորձագետի կարծիքով, Բաքվի ներկայիս դիրքորոշումը կարող է կապված լինել ներքաղաքական օրակարգի հետ։ «Էներգակիրների համաշխարհային գների անկման պայմաններում Ադրբեջանը պետք է պահպանի ուժեղ տարածաշրջանային խաղացողի իմիջը։ Հայաստանի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը ավանդաբար աջակցություն է գտնում տեղական ընտրազանգվածի մոտ»,- պարզաբանել է նա: Կարպովը կանխատեսել է խաղաղության գործընթացի հետագա ձգձգումներ։ «Բաքուն գոհ է ներկայիս ստատուս քվոյից։ Խաղաղության պայմանագրի բացակայությունը հնարավորություն է տալիս պահպանել լարվածությունը և անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրել Երևանի վրա։ Միաժամանակ, այլ ճգնաժամերով զբաղված միջազգային հանրությունը չի կարողանում արդյունավետորեն ազդել իրավիճակի վրա»,- եզրափակել է փորձագետը։
Հատկանշական է, որ Ադրբեջանի պահանջները շատ են դուրս եկել բանակցությունների սկզբնական օրակարգից։ Ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և փոխադարձ հայցերի հետկանչումների պահանջներին, Բաքուն պնդում է նաև սահմանափակել ԵՄ դիտորդական առաքելությունը հայադրբեջանական սահմանին, որը գործում է 2023 թվականի փետրվարից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում