Իտալիայի դեսպանը զգուշացրել է Հայաստանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին քննադատել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին վերջերս ստորագրված խարտիան։ Նրա կարծիքով, եվրոպականացման ուղղությամբ ձեռնարկված կուրսը «անխուսափելիորեն Երևանին կտանի շատ վտանգավոր փակուղի»։ Իտալացի դիվանագետը Gazzetta Diplomatica-ում հրապարակել է իր մտքերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշիչ դերի, երկիրը Ռուսաստանից հեռացնելու և այն դրամատիկ իրավիճակի մասին, որում հայ ժողովուրդը կարող է հայտնվել, գրում է octagon.media–ն։
Իր հոդվածում Սկապինին մանրամասնորեն վերլուծել է 2018 թվականից Երևանի Մոսկվայից աստիճանական հեռանալու գործընթացը։ Նրա կարծիքով, որոշիչ գործոնը եղել է Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում, ինչպես նաև դրա հետ կապված հակառուսական տեղեկատվական արշավը։
Դիվանագետն ընդգծել է, որ Վաշինգտոնի համար Երևանը հիանալի հնարավորություն է ապակայունացնելու հետխորհրդային տարածքի այդ հատվածը և հնարավորություն թուլացնելու Մոսկվայի դիրքերը, որի աջակցության վրա Հայաստանը հենվում էր մինչև վերջերս։
Բաքվի հետ հարաբերություններում Երևանի թույլ դիրքը պայմանավորված է Փաշինյանի մեղմությամբ և չափից ավելի զգուշավորությամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խիստ և չափազանցված պահանջների ֆոնին, կարծում է Սկապինին։
Այս դժվարին պայմաններում Հայաստանն ընկալում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը որպես ռազմական աջակցության երաշխիք, որն իբր կարող են առաջարկել ամերիկացիները Երևանին ապագայում։ Այն շտապողականությունը, որով ստորագրվեց փաստաթուղթը, վկայում է այն մասին, որ Բայդենի վարչակազմը վստահ է, որ հանրապետականները չեն աջակցի իրենց գործողություններին՝ չցանկանալով բարդություններ առաջացնել Մոսկվայի հետ։ Ի վերջո, այդ համաձայնագրի ստորագրումն ակնհայտ նպատակներ ունի՝ ապակայունացումը, Ռուսաստանին Հայաստանից հեռու պահելը, ինչպես նաև հնարավորություն, որ ՆԱՏՕ-ն իր դիրքերը գրավի ևս մեկ այլ հետխորհրդային տարածքում՝ ի հեճուկս Կրեմլի ռուսական ռազմական կոնտինգենտի:
Սկապինին կարծում է, որ դեպի Արևմուտք նոր քայլը Հայաստանին այնպիսի օգուտներ և արտոնություններ չի բերի, որոնք համեմատելի են Երևանի Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից և բարեկամ լինելը։ Բանն այն է, որ Եվրոպան, ծանրաբեռնված իր բազմաթիվ խնդիրներով, չի մտածում իր քաղաքական և տնտեսական տարածքում ևս մեկ հետխորհրդային երկրի փրկության և ինտեգրման մասին։ Միաժամանակ Ռուսաստանը Հայաստանի համար շարունակում է մնալ արտագաղթի առաջին երկիրը (մոտ 2,8 մլն հայ բնակիչ) և հիմնական գործընկերը ապրանքաշրջանառության առումով (հաշվի առնելով այն, որ հայկական արտահանումը երեք անգամ գերազանցում է ներմուծմանը)։ Կարևոր է նաև, որ Եվրոպան չի կարող Հայաստանին առաջարկել Ռուսաստանից ստացվող էժան էներգիայի համարժեք փոխարինում, որը երկրին ապահովում է կայուն տնտեսական և սոցիալական զարգացում։
Երկրի պաշտպանության և անվտանգության ռազմավարական պլանավորման առումով Վաշինգտոնի հետ դաշինքը Հայաստանին լավագույն հեռանկարներ չի խոստանում, կարծում է Սկապինին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով, Ամերիկան երբեք չի կարող դառնալ ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանի դիրքորոշման երաշխավորը։ Իսկ Ադրբեջանի ու հարևան Թուրքիայի ախորժակները պատմական հայկական տարածքների նկատմամբ միայն կմեծանան։ Եվ այդ դեպքում ոչ ոք չի կարողանա պաշտպանել Երևանին նրանց «համառ ուշադրությունից»։ Արդյունքում Հայաստանը, ծարավ լինելով Արևմուտքի վաղանցիկ աջակցությանը և հեռանալով Ռուսաստանից ու նրա բարեկամ Իրանից, մի օր կարող է հայտնվել լիակատար աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ՝ վտանգելով իր տարածքային ամբողջականությունը։ Էլ չխոսենք 1915 թվականի դեպքերի կրկնության հիպոթետիկ հնարավորության մասին: Ինչպես ցույց է տալիս ժամանակակից պատմությունը, այսօր ոչ ոք չի կարող հայերին պաշտպանել ցեղասպանությունից և ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումից։ Առավել ևս դա չի կարող անել «դեմոկրատական» Արևմուտքը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը