Արտակարգ դեպք Երևանում. 1 հոգի տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի 16 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ և կրակ են նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Հովհաննես Հարությունյանն ու Լիպարիտ Խաչատրյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ նշում էին, որ փրկարարները, բժիշկներն ու պարեկները տարհանել են 15-իցավելի բնակիչների, իսկ շտապօգնությունը տեղում մեկ հոգու, ով այրվող տան բնակիչներից է, առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին որտեղ էլ պարզելու են տան սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն։
Պարզվել է, որ հրդեհն առաջացել է գազաբալոնից, քանի որ տունը գազաֆիկացված չի եղել։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները։