Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բրազիլական գարեջուր
ՖՈՏՈԲրազիլիան հարուստ ավանդույթներով զարմանալի երկիր է։ Այնուամենայնիվ, դժվար թե այդ երկիրը կապված լինի գարեջրի հետ: Բայց պարզվում է, որ բրազիլական Brahma ապրանքանիշը հայտնի է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում և մշտապես գտնվում է գարեջրի ամենավաճառվող ապրանքանիշերի տասնյակում: Եվ ամեն ինչ սկսվել է այն քաղաքից, որի մասին ընկեր Բենդերը այդքան անհանգիստ երազում էր՝ Ռիո դե ժանեյրոյից: Հենց 19-րդ դարի վերջին է Ռիոյում հայտնվել այդ ապրանքանիշը։ Դա տեղի է ունեցել շվեյցարացի Ջոզեֆ Վիլինգերի շնորհիվ, ով տեղափոխվելով Ռիո դե Ժանեյրո, արագ հասկացել է, որ Բրազիլիայում սովորական տեղական գարեջուր պարզապես չկա, և, հետևաբար, որոշել է այն ստեղծել իր ընկերներ օգնությամբ: Շատ արագ Վիլինգերի գարեջրի մասին իմացել է ողջ Բրազիլիան։ Արագ հասկանալով, որ այդ ըմպելիքի արտադրությունն այդ երկրում կարող է դառնալ չափազանց շահավետ բիզնես, Վիլինգերը իր գործընկերներ Պ. Ֆրիցի և Լ. Դայի հետ հիմնադրել է Manufactura de Cerveja Brahma փոքրիկ գարեջրագործարանը: Դա տեղի է ունեցել 1888 թվականի աշնանը։ Սկզբում գարեջրի գործարանում աշխատում էր ընդամենը 32 մարդ, իսկ արտադրողականությունը կազմում էր օրական 12000 լիտր։ Ավելի քան քառասուն տարի Brahma գարեջուրը ցվում էր միայն փայտե տակառներում, և միայն 1934 թվականին է սկսվել գարեջրի շշալցումը ապակե տարաների մեջ։
Մինչ այժմ ոչ ոք չգիտի, թե ինչո՞ւ է այդ շվեյցարացին բրազիլական գարեջրագործական իր ընկերությունը անվանել ի պատիվ հինդու աստծո, որին Հնդկաստանում առանձնապես չեն էլ հարգում։ Բացի այդ, ոչ ոք չգիտի, թե ի՞նչն է դրդել Վիլինգերին վաճառել իր հաջողակ բիզնեսը 1894 թվականին։ Նոր սեփականատերը զբաղվել է գործով, նա արդիականացում է իրականացրել, բացել նոր արտադրամասեր և մի քանի տարում գարեջրի արտադրությունը հասցնել տարեկան 6 միլիոն լիտրի։
Արդեն քսաներորդ դարի սկզբին Brahma ապրանքանիշը շատ գրագետ և ակտիվորեն է առաջ մղվել շուկայում: Գարեջուրը հովանավորել է բազմաթիվ բարեր և ռեստորաններ: Այսօր Բրահման հովանավորում է մի քանի բրազիլական ֆուտբոլային ակումբներ։
30-ականների կեսերին, շշալցված Brahma գարեջրի ներդրումից հետո, այն դարձել է ամենատարածված գարեջուրը Բրազիլիայում : Արտադրության ծավալներն աճել են մինչև տպավորիչ 30 միլիոն լիտր տարեկանի։ Չնայած իր հայրենիքում նման հաջողություններին, Brahma գարեջուրը նաև մտել է միջազգային շուկա։ Առաջին երկրներն են եղել ԱՄՆ-ը և Ճապոնիան։ 1992 թվականին Բրահման լրջորեն տեղահանելով ամերիկյան և եվրոպական գարեջրերին դարձել է Արգենտինա ներմուծվող ամենահայտնի գարեջուրը:
Բրազիլիայում գարեջրի ոլորտում երեք հիմնական արտադրողներ են մրցում միմյանց հետ՝ Brahma-ն, Scol-ը և Antarctica-ն: Այնուամենայնիվ, նրանց մրցակցությունը շատ պայմանական է, քանի որ նրանք վաղուց պատկանում են նույն ընկերությանը, և այս պահին հանդիսանում են Anheuser-Busch InBev գարեջրի խոշորագույն կորպորացիայի մաս:
Կ. Խաչիկյան