Արտակարգ դեպք՝ Բագրատաշենի անցակետում․ ծեծկռտnւք և դանակաhարություն քաղաքացիների ու տեսուչների միջև
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMediaHub-ի տեղեկություններով՝ երկու օր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում։ Մի խումբ քաղաքացիներ մեքենան զննության ենթարկելու հարցի շուրջ ծագած անհամաձայնության պատճառով վիճաբանության մեջ են մտել մաքսային ծառայողների հետ, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։
Մեզ ասացին՝ նաև դանակահարություն է եղել կողմերի միջև, կան տուժած անձինք, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Ժամանել է ոստիկանություն, ինչից հետո դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով․ «Հունվարի 25-ին է դեպքը տեղի ունեցել, Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով՝ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 167-րդ հոդվածի 1-ին մասով՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, 297-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն, 452-ի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։ Կա մեկ ձերբակալված, երեք տուժող, քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ»։
Այլ մանրամասներ Քննչական կոմիտեից չհայտնեցին։
Ի դեպ, ուշագրավ է, որ այս դեպքից երկու օր է անցել, ու որևէ հաղորդագրություն, որևէ հրապարակում այս մասով չի եղել։ Մեզ ասացին՝ ինչ-որ շահագրգիռ կողմեր ուզում են ծածուկ պահել դեպքը, որ չիմացվի այս մասին և հնչեղություն չստանա։ Թե ինչու՝ պարզ չէ։
Վահե Մակարյան