Ե՞րբ վաճառքի կհանվեն Հայաստան–Վրաստան խաղի տոմսերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Ե՞րբ վաճառքի կհանվեն Հայաստան–Վրաստան խաղի տոմսերը](/timthumb.php?src=disc/29-01-25/5e896a627592171fa258b18684dfaebe.jpg&w=780)
Հայաստան–Վրաստան խաղին անհամբեր սպասում են թե՛ Հայաստանի ֆուտբոլի երկրպագուները, թե՛ Վրաստանից ժամանող ֆուտբոլասերները:
Նշենք, որ Հայաստանի և Վրաստան ֆուտբոլի հավաքականների երևանյան հանդիպումը տեղի կունենա մարտի 20–ին, իսկ մարտի 23–ին պատասխան խաղը Թբիլիսիում: Բազմաթիվ հայ երկրպագուներ պատրաստվում են մեկնել Թբիլիսի՝ մեր ֆուտբոլիստներին երկրպագելու և ոգեշնչելու։ Իսկ արդյո՞ք վրացի երկրպագուները առանձին տեղ կունենան մեր մարզադաշտում․ MediaHub-ը դիմեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ հասկանալու, թե, նախ, ե՞րբ կմեկնարկի Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերի վաճառքը, և արդյո՞ք առանձնացված տեղեր կլինեն Վրաստանից ժամանող երկրպագուների համար:
«Տոմսերի վաճառքը կմեկնարկի փետրվարի մեջ: Վրաստանի երկրպագուների համար առանձնացված տեղեր հիմնականում լինում են, իրենք պետք է քվոտա ներկայացնեն, որ ցանկանում են գալ, և, իհարկե, միշտ էլ հյուր թիմին տրամադրվում է որոշակի տոմսերի քանակ»,- նշեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Ապա ավելացրեցին, որ փետրվարին, երբ բացվի տոմսերի վաճառքը, դրանք կկարողանան ձեռք բերել նաև վրացի երկրպագուները:
«Բացի նրանից, որ իրենք կարողանում են օնլայն տոմսեր գնել, նաև իրենց ֆեդերացիան ներկայացնում է որոշակի քվոտա, որը տրամադրում ենք նաև իրենց պատվավոր հյուրերին կամ VIP երկրպագուներին»,- հավելեցին ֆեդերացիայից:
Նշենք, որ MediaHub-ի տեղեկություններով՝ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է Հայաստանի գործընկեր կառույցին ներկայացնել շուրջ 2800 վրացի երկրպագուների համար քվոտայի հայտ, որպեսզի ապահովվի նրանց մասնակցությունը երևանյան մարզադաշտում:
Մարիաննա Արամյան