Վաշինգտոնի մերձակայքում ինքնաթիռի և ուղղաթիռի բախումից հետո, ամենայն հավանականությամբ, ողջ մնացածներ չկան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վաշինգտոնի մերձակայքում մարդատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից հետո, ամենայն հավանականությամբ, ողջ մնացածներ չկան. այս մասին, CNN-ի փոխանցմամբ, ասել է Վաշինգտոնի շրջանի հրշեջ ծառայության ղեկավար Ջոն Դոնելին:
«Մենք այժմ գտնվում ենք մի կետում, երբ փրկարարական գործողությունից անցնում ենք դիերի դուրս բերման գործողության: Այս պահին մենք չենք հավատում, որ այս վթարից փրկվածներ կան», - ասել է նա մամուլի ասուլիսում:
Առայժմ փրկարարները գետն ընկած օդանավից դուրս են բերել 27, ուղղաթիռից՝ 1 դի:
Հիշեցնենք, որ American Airlines ավիաընկերության 5342 չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ է բարձրացել Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից և Վաշինգտոնի մոտակայքում վայրէջքի պահին բախվել ռազմական ուղղաթիռին։ Բախումից հետո ինքնաթիռն ընկել է Պոտոմակ գետը։ Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում եղել է 64 մարդ (60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ)։