Կանադայի վարչապետը պատասխանել է ԱՄՆ նախագահ Թրամփին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն ասել է, որ երկիրը կրիտիկական իրավիճակում է, և քաղաքացիներին դժվար օրեր ու շաբաթներ են սպասվում ԱՄՆ-ի՝ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու ծրագրերի պատճառով։
Վարչապետի խոսքով՝ սրան պետությունը կարձագանքի անհապաղ և վճռական։
«Սա այն չէ, ինչ մենք ուզում ենք, բայց եթե նա [Դոնալդ Թրամփը] շարունակի, մենք նույնպես կգործենք»,- ասել է պարոն Տրյուդոն՝ ելույթ ունենալով Կանադա-ԱՄՆ հարաբերությունների խորհրդատվական խորհրդի առջև, գրել է Reuters-ը:
Նա հավելել է, որ Կանադայի կառավարությունը դիտարկել է բոլոր հնարավոր սցենարները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ՝ հունվարի 30-ին, հաստատել է, որ մաքսատուրքեր կսահմանի Կանադայի և Մեքսիկայի ապրանքների վրա։ 47-րդ նախագահը որոշումը բացատրել է անօրինական միգրանտների հոսքով, նաև երկիր թմրանյութերի անօրինական մատակարարմամբ։ Նա ասել է, որ երկրները պետք է դադարեցնեն այն, ինչ տեղի է ունենում։ Խոստացել է, որ եթե անեն, մաքսատուրքեր չի սահմանի։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումը կասկածի տակ է դրել նրա սպառնալիքները։