Պետդումայում բացահայտել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ծրագիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ԵՄ առաքելության դերը տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումն ու այն հնարավորինս հակառուսական դարձնելն է, News.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։ Նրա խոսքով եվրոպացի դիտորդները զբաղվում են հետախուզական տվյալների հավաքագրմամբ, որոնք հետո օգտագործում են իրենց շահերի համար։
«Եվրոպացիները որևէ բան պաշտպանելու մտադրություն չունեն։ Նրանք ոչ թե զինվորականներ են, այլ դիտորդներ, որոնք, ըստ էության, հետախուզական գործառույթներ են կատարում։ Փաստ չէ, որ նրանք ստացած տեղեկատվությունը կիսում են Երևանի հետ։ Համենայնդեպս, ոչ մի եվրոպական գործակալություն որևէ կերպ չի միջամտել այն հակամարտությանը, որի արդյունքում Հայաստանը կորցրեց Ղարաբաղը։ Այնուհետև այնտեղից փախստականներին ուղեկցել և հսկել են բացառապես ռուս խաղաղապահները»,- ասել է Ժուրավլևը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունն անհրաժեշտ է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին հետևելու համար և այնտեղ կմնա մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը։ Նրա խոսքով, Երևանի եւ Բաքվի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սահմանազատման ուղղությամբ աշխատանքները։ Միևնույն ժամանակ, 2024 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահի օգնական և արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը Ադրբեջանի հետ սահմանին պետք է դադարեցվի։ Նրա խոսքով դրա կարիքն այլևս չկա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը