Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է ընդդիմադիր 49 պատգամավորների լիազորություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանի խորհրդարանը, որն ունի 150 անդամ, լիագումար նիստում դադարեցրել է ընդդիմադիր կուսակցություններից ընտրված 49 պատգամավորների լիազորությունները։
Անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ընդդիմադիր կուսակցությունների՝ «Միացյալ ազգային շարժում», «Հանուն Փոփոխությունների և Հզոր Վրաստանի» կոալիցիա պատգամավորները հայտարարություն են ներկայացրել խորհրդարան՝ խնդրելով վաղաժամկետ դադարեցնել իրենց խորհրդարանական լիազորությունները: Նրանք իրենց որոշումը բացատրեցին նրանով, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։
Մեկ այլ ընդդիմադիր՝ «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, որը նույնպես մտել է խորհրդարան և ստացել 12 պատգամավորական մանդատ, հրաժարականի մասին հայտարարություն չի ներկայացրել խորհրդարան։
«Հանուն Վրաստանի» կուսակցությունը, որի ղեկավարը նախկին վարչապետ Գիորգի Գախարիան է, չի մասնակցում խորհրդարանական գործունեությանը՝ համարելով ընտրված իշխանություններին ոչ լեգիտիմ։