«Հայաստանն ու Ադրբեջանը կրկին խաղաղության և պատերազմի միջև»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են տեքստի, ավելի ճիշտ մնացած երկու կետերի համաձայնությամբ։ Դրանք վերաբերում էին սահմանամերձ տարածքներից երրորդ ուժերի դուրսբերմանը և միջազգային դատարաններում հայցերից փոխադարձ հրաժարմանը: Iarex.ru լրատվական գործակալության դիտորդ Ստանիսլավ Տարասովն է մեկնաբանել իրավիճակը:
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ոչ այնքան հստակ ինտրիգ է ստեղծվել։ Մի կողմից, կողմերը խոսում են խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն ավարտելու և այն ստորագրելու պատրաստակամության մասին։ Մյուս կողմից, անհասկանալի է, թե համաձայնագրի ստորագրման դեպքում ի՞նչ ձևաչափով է Բաքուն մտադիր շարունակել երկկողմ երկխոսությունը կարգավորման գործընթացի հետ կապված վիճելի հարցերի շուրջ: Դա առաջին հերթին»,- ասել է Տարասովը:
«Երկրորդ հերթին, համաշխարհային դիվանագիտական պրակտիկան ցույց է տալիս, որ երբ հակամարտող կողմերը խաղաղության պայմանագիր են կնքում, տեղեկատվական պատերազմի ինտենսիվությունը միշտ նվազում է։ Բայց այս դեպքում դա տեղի չի ունենում։ Բաքվի 12-րդ Գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանին մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են իրենց դեմ», ինչը «ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են նոր պատերազմի, բացի դա ներկայումս վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ մոտ է զրոյի»։ Փաշինյանն էլ պարտքի տակ չի մնացել, նա կարծում է, որ «այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» և «Բաքվում հայ բանտարկյալների դեմ դատավարությունների» մասին խոսակցությունները խոչընդոտում են Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը և ծխածածկույթ են բանակցությունների համար», - շարունակել է Տարասովը։
Իրադարձությունների ներկա ընթացքը փորձագետներին հիմք է տալիս պնդելու, որ Բաքուն և Երևանը դեռ պատրաստ չեն խաղաղության պայմանագիր կնքել, նշել է քաղաքագետը։ Ադրբեջանը մտադիր չէ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հետ կապված իր վերապահումներից և տերմինաբանությունից, թեև կողմերը նախկինում համաձայնագրից հանել էին Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումները։ Շարունակում են մնալ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հարաբերությունների խնդիրները։ Միևնույն ժամանակ, Թուրքիան, ինչպես միշտ, պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը։ «Ուստի հարցը բաց է մնում. ո՞ր ուղղությամբ են կողմերն ավելի շատ շարժվում՝ դեպի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»,- ամփոփել է փորձագետ Տարասովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը