Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքն ավարտելու մասին։ Կողմերը հաստատել են համաձայնագրի ստորագրման վայրի և ժամկետների շուրջ խորհրդակցելու իրենց պատրաստակամությունը։ «Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքներն այն են, որ Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», - նշել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Հայաստանը համաձայնել է նաև Բաքվի այն պայմանին, որ երրորդ երկրների զինված ուժերը չեն տեղակայվի սահմանին։ Երևանը պնդում էր, որ սահմանազատված տարածքներում ռազմական ներկայություն չի լինելու, սակայն հետո համաձայնել է պայմանին։ «Մենք ոչ թե փոխեցինք նախկինում հնչեցրած դիրքորոշումը, այլ փոխեցինք դրա ընկալումը տեքստը վերլուծելուց հետո։ Անվտանգության խորհուրդը քննարկել է դա և եկել այն եզրակացության, որ տեքստերի փոխանակման գործընթացն իրեն սպառել է։ Մենք համաձայնագիրն ամբողջությամբ վերլուծեցինք և որոշեցինք, որ չորս տարվա բանակցությունների ընթացքում ձևավորված այս փոխզիջումային տարբերակը կարող է ընդունելի լինել Հայաստանի համար»,- ասել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սակայն համաձայնեցված փաստաթղթի ամբողջական տեքստն այդպես էլ չի ներկայացվել հանրությանը։ Հստակություն չկա նաև, թե կոնկրետ ե՞րբ է ստորագրվելու համաձայնագիրը երկու երկրների ղեկավարների կողմից։
Mk.ru-ն քննարկել է խաղաղության պայմանագրի ապագան Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի դոցենտ Արթուր Ավակովի հետ: «Չնայած միջազգային հանրության շնորհավորանքներին, խաղաղության պայմանագրին հիմնարար համաձայնությունը ոչինչ չի փոխել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այն չի ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրությունը։ Բայց հարցումների համաձայն հայաստանցիների մոտ 60 %-ը չի ցանկանում որևէ բան փոխել իր հիմնական օրենքում։ Թերևս, եթե Երևանն ու Բաքուն հրապարակեն համաձայնագրի տեքստը, գուցե՞ դա փոխի հանրապետության բնակիչների կարծիքը։ Առայժմ քանի դեռ կողմերը միայն ձևացնում են, թե դրա բովանդակությունն արդեն հայտնի է բոլորին, սահմանադրական բարեփոխումների հակառակորդների դիրքերը միայն ուժեղանում են, ֆորմալ առումով սա, իհարկե կարելի է ասել, առաջընթաց է, հայկական դիվանագիտության ձեռքբերում, բայց տոնելու որևէ առիթ չկա»,– ասել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը