«Հայաստանի ղեկավարությունը Թուրքիայի թելադրանքով շարունակում է համագործակցությունը Սիրիայի կառավարության հետ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այն, ինչ կատարվում է Սիրիայում վերջին օրերին, հերթական անգամ ցնցել է աշխարհը։ Հայկական աշխարհում այդ սարսափելի պատկերները, հասկանալի պատճառներով, կոնկրետ ասոցիացիաներ են առաջացրել ինչպես պատմական առումով, այնպես էլ շատ մոտ անցյալի իրադարձությունների հետ կապված: Ավելին, դրանք տեղի են ունենում մի երկրում, որտեղ ապրում է արաբական աշխարհի ամենանշանակալի և ամենամեծ հայկական համայնքներից մեկը, որի մեծամասնությունը ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են, գրում է prokavkaz.news–ը։
Քրիստոնյաների պաշտպանությունը պահանջող բարձր ձայներ են լսվում տարբեր երկրներից և տարբեր կազմակերպություններից, այդ թվում հայկական։ Բայց այդ խմբում Հայաստանի պաշտոնական ձայնը չի լսվում։ Հայաստանի իշխանությունները տեղից չշարժվեցին նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնվեց երկու հայերի՝ հոր և որդու մահվան լուրը: Միայն սոցցանցերում և լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներից հետո ԱԳՆ մամուլի քարտուղարից հնարավոր եղավ մի քանի բառ քամել։ Նա պարզապես բառացի հայտարարեց, որ իրենք, տեսնում են, հետևում են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, և որ տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։
Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 27-ին՝ թուրքական վստահված անձանց կողմից Սիրիան գրավելուց մեկ ամիս անց, Փաշինյանը և Միրզոյանը Դամասկոս ուղարկեցին փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Կոստանյանին։ Այսինքն պետական հեղաշրջումից և թուրքամետ ռազմական կազմավորումների կողմից իշխանության զավթումից գրեթե անմիջապես հետո Հայաստանն իր ներկայացուցչին ուղարկեց Սիրիա և օգնություն առաջարկեց այն իշխանություններին, որոնց թիկունքում պարզ երևում է Անկարայի անհագ մռութը։ Եվ դա տեղի ունեցավ Սիրիայի նոր իշխանությունների հանդեպ աշխարհի երկրների մեծ մասի զգուշավոր և զուսպ վերաբերմունքի ֆոնին։
Կասկածից վեր է, որ, ինչպես Կոստանյանի այցը, այնպես էլ ներկայիս Երևանի համառ լռությունը պայմանավորված է թուրքերին հաճոյանալու ցանկությամբ։ Ո՛չ խաղաղ բնակիչների ցեղասպանությունը, ո՛չ Սիրիայի և ողջ Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչությանը, ներառյալ հայկական համայնքներին սպառնացող հսկայական վտանգը, ո՛չ էլ 2020-2023 թվականներին Արցախում տեղի ունեցածը և այն, ինչ այսօր տեղի է ունենում սիրիացի քրիստոնյաների հետ, չի կարող սասանել Փաշինյանի և նրա կամակատարների նվիրվածությունը թուրքական քաղաքականությանը, Անկարայի շահերին ու նպատակներին և անձամբ Էրդողանին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը