Հայաստանում պատերա՞զմ կլինի. ԵՄ–ի դիտորդներն արդեն հանդերձավորվում են. ի՞նչ է դա նշանակում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական արտաքին կապերի ծառայության կայքում հրապարակվել է երկու փաստաթուղթ: Առաջինը Հայաստանում հատուկ խմբի թափուր աշխատատեղերն են, երկրորդն անհրաժեշտ հանդերձանքը՝ զրահաբաճկոն և սաղավարտ։ ԵՄ–ի ինչի՞ն է պետք զրահավորված դիտորդներ Հայաստանում, գրում է tsargrad.tv–ն:
Եվրոպական արտաքին կապերի ծառայության կայքում նշվում է. «Հայաստանում ԵՄ առաքելությունը մեկնարկել է 2023 թվականի փետրվարի 20-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշմամբ, որից հետո այն սկսել է իր գործառնական գործունեությունը։ Առաքելությունը նպատակ ունի մշտադիտարկել և զեկուցել տեղում իրավիճակի մասին, նպաստել հակամարտություններից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը և հնարավորինս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը: Առաքելությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված ԵՄ ջանքերի կենսական բաղադրիչն է»:
Նշվում է, որ առաքելությունը քաղաքացիական բնույթ է կրում: 209 աշխատակիցների հիմնական խնդիրն է տեղում վերահսկել իրավիճակը։ Ահա ընթացիկ թափուր աշխատատեղերը՝ շտաբի պետ, պլանավորման, հաշվետվության և գնահատման բաժնի պետ, առաքելության անվտանգության աշխատակից, օպերատիվ սպա և 19 հոգիանոց անձնակազմ, ովքեր պատասխանատու կլինեն մոնիտորինգի համար: Աշխատակիցների մի մասը տեղակայվելու է Եղեգնաձոր քաղաքում, որը գտնվում է Ադրբեջանի սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա։
Փաստաթղթում նշվում են հետևյալ պահանջները. «Ֆիզիկական և հոգեկան առողջություն, թեկնածուները պետք է լինեն լավ ֆիզիկական վիճակում և չունենան ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ կամ թմրամիջոցների չարաշահման հետ կապված խնդիրներ, որոնք կարող են խաթարել առաքելության գործառնական կատարումը իր գործունեության տարածքում: Ընտրված թեկնածուները պետք է անցնեն մանրակրկիտ բժշկական հետազոտություն: Յուրաքանչյուր թեկնածու պետք է տիրապետի ռուսերենին և/կամ հայերենին»:
Երկրորդ փաստաթղթում նշվում են անհրաժեշտ իրերը, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր աշխատող՝ ձմեռային բաճկոն, անձրևանոց, ձեռնոցներ, երկարաճիտ կոշիկներ, լապտեր։ Բացի այդ հիմնական տարրերից, կան նաև ուրիշները՝ 3-րդ դասի բալիստիկ սաղավարտ, զրահաբաճկոն 4-րդ դասի զրահապատ թիթեղներով, համակցված դանակ, առաջին օգնության հավաքածու, որը պետք է պարունակի հեմոստատիկ միջոց, ժգուտ, առաձգական վիրակապ և խցանող պլաստիր, որը կարող է բուժել պնևմորաքսը: Շատ տարօրինակ իրերի հավաքածու, որը պետք է ունենա Հայաստանում ներկայացված յուրաքանչյուր աշխատակից։
Քաղաքական գիտությունների դոկտոր, ԴԺՀ պետանվտանգության առաջին նախարար, tsargrad.tv–ի քաղաքական դիտորդ Անդրեյ Պինչուկը մեկնաբանությունն է տվել ողջ իրավիճակին.
«Տարօրինակ է, որ վազելինը ցուցակում չկա։ Դրանում նա պետք է առաջին տեղում լիներ։ Բայց եթե լուրջ, սա այսպես ասած աշխատանքային գոտիների դասակարգումն է։ Քանի որ ղարաբաղյան պատերազմը ֆորմալ առումով դեռ համարվում է մլացող, նրանք այդ պահանջները տարածում են բոլոր այն տարածքների վրա, որտեղ կա՛մ ռազմական գործողություններ են ընթանում, կա՛մ կարող են սկսվել: Դե, գումարած, չմոռանանք, որ Ադրբեջանի հայտարարությունից ելնելով, իրավիճակը կարող է ցանկացած պահի բռնկվել։ Եվ, ըստ ամենայնի, այն ընկերները, որոնց մասին խոսում եք, ոչ միայն չեն բացառում դա, այլ ենթադրում են, որ մոտ ապագայում Ադրբեջանի նախաձեռնությամբ կվերսկսվեն ռազմական գործողությունները։
Հստակ ոչինչ ասել հնարավոր չէ, բայց սա նման առաջին փաստաթուղթն է Հայաստանում ԵՄ առաքելության գոյության սկզբից ի վեր։ Առաքելության մասին փոքրիկ գրքույկ էր հրապարակվել ավելի վաղ, սակայն սա առաջին փաստաթուղթն է, որտեղ թվարկված են թափուր աշխատատեղերն ու անհրաժեշտ սարքավորումները»:
Tsargrad.tv–ն փորձել է մեկնաբանություն ստանալ Հայաստանում ԵՄ առաքելության պաշտոնական ներկայացուցիչներից, սակայն նրանք չեն վերցրել հեռախոսը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը