ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստանում գտնվող ուսումնամարզական բազա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայում գտնվող իր բազաներից հարյուրավոր միավոր տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի ուսումնավարժարաններ։ rt.com-ի կողմից ուսումնասիրված փաստաթղթերի համաձայն փոխադրումը նախատեսվում է իրականացնել Վրաստանի տարածքով։ Ռազմական փորձագետներն այդ գործողությունը կապում են Պենտագոնի և հայկական բանակի հնարավոր համատեղ զորավարժությունների հետ։ Նման համագործակցությունը մի երկրի հետ, որտեղ կան ռուսական ռազմաբազաներ, Վաշինգտոնի կողմից կարող է դիտվել որպես Հայաստանի ռազմական զարգացում, կարծում է փորձագիտական հանրությունը։
Ըստ ԱՄՆ պետական գնումների պորտալի ԱՄՆ բանակի նյութատեխնիկական հրամանատարությունը նախատեսում է տեխնիկա տեղափոխել Գերմանիայի Դուլմենի ռազմաբազայից Հայաստանի Զառ ուսումնավարժարան։ Տրանսֆերը նախատեսված է հուլիսի 16-ին։ Սպասվում է, որ այն կտևի մինչև օգոստոսի 7-ը։ Վերադարձը Գերմանիա, ինչպես նշված է տրանսպորտային ծառայությունների մատուցման մրցույթում, նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում։ Պայմանագրով նախատեսվում է նաև տեխնիկայի տեղափոխում Հայաստանի Արմավիրի ուսումնավարժարանից մինչև վրացական Փոթի նավահանգիստ։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տեղափոխել 151 միավոր տեխնիկա, այդ թվում տրանսպորտային միջոցներ, գեներատորներ և մասնագիտացված կոնտեյներներ։ Ի հավելումն լոգիստիկայի, ամերիկացի զինվորականները պատվիրում են այնպիսի հատուկ ծառայություններ, ինչպիսիք են խոզերի աֆրիկյան ժանտախտից մեքենաների լվացումը և ախտահանումը անմիջապես Հայաստանի ուսումնավարժարանում։ Պայմանագրի շրջանակներում Հայաստան կտեղափոխվի նաև շտապօգնության ութ մեքենա։ Սակայն մրցույթը ներառում է մի պայման, այն է տեխնիկան չի կարող փոխադրվել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով «դիվանագիտական թույլտվությունների հետ կապված դժվարությունների պատճառով»։
Դուլմենում, որտեղից նախատեսվում է տեխնիկա տեղափոխել, տեղակայված են ԱՄՆ բանակի 405-րդ դաշտային աջակցության բրիգադի ստորաբաժանումները։ Այդ բրիգադը հիմնական նյութատեխնիկական օպերատորն է ԱՄՆ-ի ուժերի համար եվրոպական և աֆրիկյան թատերաբեմերում, և աջակցություն է տրամադրում զինանոցների ցանցին և պահեստավորման բազաներին Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում և այլուր:
Ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը rt.com-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանում ամերիկյան զորքերի գործողությունները պայմաններ են ստեղծում Անդրկովկասում ԱՄՆ ազդեցության ամրապնդման համար։
«Եթե խոսենք կոնկրետ պայմանագրի մասին, ապա, ամենայն հավանականությամբ, խոսքը հայ-ամերիկյան նոր զորավարժությունների մասին է: Դեռ վաղ է սարքավորումների կենսամշակման մասին ակնարկները մեկնաբանել որպես Հայաստանի տարածքը կենսալաբորատորիաների օգտագործման մասին վկայություն, սակայն չի կարելի բացառել, որ ապագայում ամերիկացիները կարող են սկսել նման նախագծեր իրականացնել»,- կարծիք է հայտնել փորձագետը։
Սիվկովի խոսքով Վաշինգտոնը փորձում է սահմանափակել Երևանի ռազմական համագործակցությունը ԵՄ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամի կարգավիճակը, թեկուզ սառեցված վիճակում, անհամատեղելի է ամերիկյան զորքերի նման տեղաշարժերի հետ»,- եզրափակել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը