ՀՀԿ-ն վերականգնում է շփումները ռուսական շրջանակների հետ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգացնում է կապերը Ռուսաստանի հետ, փորձում նոր կոնտակտներ ստեղծել ռուսական իշխանական շրջանակների հետ։ Այդ կապերը կորել էին 2018 թ. իշխանափոխությունից հետո, Ռուսաստանից հարցեր ունեին Սերժ Սարգսյանին՝ իշխանությունն առանց դիմադրության փոխանցելու վերաբերյալ, և որոշակի կասկածներ կային։
Այժմ ՀՀԿ-ից տարբեր մեսիջներ են հղում ՌԴ-ին, ընդհուպ նշում դաշնակցային հարաբերությունների վերականգնման կարևորության մասին։ Այդ առումով, պրոակտիվ է Էդուարդ Շարմազանովը, ով ՀՀԿ ամենառուսամետ գործիչներից է համարվում։ Նա մի քանի անգամ խոսել է դաշնակցային հարաբերություններից, ՌԴ՝ երաշխավոր լինելուց, նաև Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցք ստեղծելու կարևորությունից։ Շարմազանովն օրերս Մոսկվա է այցելել, նախ հանդիպել կաթողիկոսի եղբոր՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ, ով սերտ կապեր ունի պուտինյան վարչակազմի հետ։
Ըստ մոսկովյան աղբյուրների, հանրապետական գործիչը հանդիպումներ է ունեցել ռուսական իշխանության, «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչների հետ, քննարկել են Հայաստանում հնարավոր իշխանափոխության հարցերը։ Նախկինում այս առաքելությունը ՀՀԿ-ում իրականացրել է Արմեն Աշոտյանը, բայց վերջինս տնային կալանքի տակ է գտնվում, և արտաքին կապերով ավելի շատ զբաղվում է Էդուարդ Շարմազանովը։
Նելլի Մխիթարյան