Քաղաքագետը Հայաստանում ազգային ինքնության ճգնաժամի մասին. «Դատապարտվածների հասարակությո՞ւն»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը մտահոգված է հայ հասարակության վիճակով, որն, իր կարծիքով, գտնվում է ինքնագիտակցության խորը ճգնաժամի մեջ և չի արձագանքում անգամ ազգային արժանապատվության լուրջ նվաստացումներին, գրում է eadaily.com–ը։ Նրա կարծիքով երկրում աննախադեպ հասարակական ապատիա և անտարբերություն է ազգային նվաստացման նկատմամբ։ Փորձագետը տարակուսում է, թե կա՞ ինչ-որ բան, որը կարող է հայ հասարակությանը դուրս բերել այդ քարացման վիճակից։
Հովհաննիսյանը դառնությամբ նշում է, որ ոչ պատերազմում կրած պարտությունը, ոչ էլ Արցախի հանձնումը հասարակական լուրջ բողոքի տեղիք չեն տվել։ Նույնիսկ հիմա, երբ ֆիզիկական ոչնչացում է տեղի ունենում, երբ Հայաստանին ստիպում են հրաժարվել ազգային ինքնության խորհրդանիշներից, և երբ հայերին ցուցադրաբար նվաստացնում են Բաքվի դատարաններում, հասարակությունը շարունակում է պասիվ մնալ։
Փորձագետը պատմական զուգահեռներ է անցկացնում համակենտրոնացման ճամբարների հետ, որտեղ, չնայած սարսափելի պայմաններին, իրականում ընդվզումներ չեն եղել։ Նրա խոսքով, հայ հասարակությունն այսօր գտնվում է նմանատիպ վիճակում՝ ճնշված սեփական անզորության զգացումից։
Ըստ վերլուծաբանի կա երեք հնարավոր սցենար այդ ճգնաժամից դուրս գալու համար: Առաջինն իշխանափոխությունն է, որը կարող է արագ փոխել հասարակական գիտակցությունը, սակայն այդ տարբերակը ներկայիս պայմաններում անիրատեսական է երևում։ Երկրորդը հեղինակավոր առաջնորդների և թիմի ի հայտ գալն է, որին հասարակությունը կարող է վստահել: Երրորդն արտաքին միջամտությունն է, որը փորձագետը նույնպես քիչ հավանական է համարում ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում։
Ամենաիրատեսական ճանապարհը, ըստ Հովհաննիսյանի, երկրի ներսում այնպիսի թիմերի ձևավորումն է, որոնք ի վիճակի են փոխել հասարակական տրամադրությունները և ոգեշնչել մարդկանց փոփոխությունների։ Առանց դրա, նրա կարծիքով, ոչ փողոցային բողոքի ակցիաները, ոչ էլ նոր ընտրություններն արդյունք չեն տա։ Եթե փոփոխություններ տեղի չունենան, Հայաստանը վտանգում է վերադառնալ այն ժամանակներին, երբ հայերը զանգվածաբար մեկնում էին սեզոնային աշխատանքի հարևան երկրներ։
Իր հերթին, «Ընկեր գեներալ» Telegram ալիքի հեղինակը հիշեցրել է, թե որտեղից է սկսում «փտել ձուկը».
«Միայն Նիկոլ Փաշինյանի գլխում կարող են խաղաղ գոյակցել երկու իրարամերժ մտքեր, որոնք նա արտահայտել է իր վերջին հեռուստատեսային հարցազրույցում.
– Եթե կողմերի միջև վստահության խնդիր չլիներ, ապա խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ։
– Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երաշխավորների կարիքը չկա:
Խոսելով երաշխիքների անօգուտ լինելու մասին Փաշինյանը կրկին հարձակվել է ՀԱՊԿ-ի վրա, որն իբր 2022 թվականին չի պաշտպանել Հայաստանն Ադրբեջանից։ Նշենք, որ այդ հարցում որևէ եզրակացություն կարելի է անել միայն երկու հարցի պատասխան ստանալուց հետո.
–Հայաստանը կոնկրետ ի՞նչ է խնդրել ՀԱՊԿ-ից (նման փաստաթուղթ Փաշինյանը չի հրապարակել):
–Ո՞վ և ի՞նչ ձևով հրաժարվեց ընդունել Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը