Մոլորակի ամենահարուստ մարդիկ 24 ժամում կորցրել են 208 միլիարդ դոլար Թրամփի որոշման պատճառով. Bloomberg
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մոլորակի ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ կորցրել են 208 միլիարդ դոլար այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է աշխարհի գրեթե բոլոր երկրների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի սահմանման մասին, գրում է Bloomberg-ը։
«Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը հինգշաբթի նվազել է 208 միլիարդ դոլարով, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսատուրքերի պատճառով համաշխարհային շուկաները կտրուկ անկում են ապրել»,- ասվում է հոդվածում։
Գործակալությունը նշում է, որ այս անկումն իր մասշտաբով չորրորդն էր Bloomberg Billionaires Index-ի 13-ամյա պատմության մեջ և ամենանշանակալիցը՝ COVID-19 համավարակից ի վեր։
Օրինակ՝ Meta-ի արժեթղթերի գնի 8,96 տոկոսով անկման պատճառով ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգն անմիջապես կորցրել է 17,9 միլիարդ դոլար կամ իր կարողության մոտավորապես ինը տոկոսը:
Amazon առցանց մանրածախ առևտրի հարթակի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կորցրել է 15,9 միլիարդ դոլար: Amazon-ի արժեթղթերի գինը նույնպես նվազել է մոտ ինը տոկոսով, ինչը ընկերության ամենամեծ անկումն է 2022 թվականի ապրիլից ի վեր:
Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը կորցրել է 11 միլիարդ դոլար, քանի որ Tesla-ի արժեթղթերի գինը նվազել է 5,47 տոկոսով:
Ապրիլի 2-ի երեկոյան Թրամփը հայտարարել է այլ երկրներից ներմուծվող ապրանքների փոխադարձ մաքսատուրքերի սահմանման մասին։ Հիմնական նվազագույն դրույքաչափը կկազմի տասը տոկոս։ Բայց գրեթե յուրաքանչյուր երկիր կբախվի աճող դրույքաչափերի. դրանք հաշվարկվել են կոնկրետ պետության հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի հիման վրա՝ հավասարակշռության հասնելու համար։