«Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով հանրապետության խորհրդարանում, հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և հայկական պետականության ապագան ապահովելու համար ղարաբաղյան շարժման դադարեցման անհրաժեշտության մասին։ Ընդդիմությունը կարծում է, որ կառավարության ղեկավարը մեկը մյուսի հետևից զիջումների է գնում Բաքվին, սակայն հայերը ևս պատրաստ չեն Ղարաբաղի համար կռվել, գրում է ng.ru–ն։
Ադրբեջանական «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն կարծում է, որ ինչ էլ որ լինի, Փաշինյանը ճիշտ որոշում է կայացրել։ «Ի տարբերություն ընդդիմության, նա հասկանում է, որ ղարաբաղյան շարժման շարունակությունն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտներից մեկն է, այն անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ և փաստաթղթի վավերացումից հետո դրա շարունակությունը ցույց կտա, որ ոչինչ չի փոխվել»,- ասել է նա ng.ru-ի հետ զրույցում։
Ռուս-հայկական համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովն էլ կարծում է, որ Փաշինյանի այս և նմանատիպ այլ հայտարարությունների պատճառը Բաքվի հետ ամեն գնով խաղաղություն հաստատելու ցանկությունն է: Եթե «խաղաղության օրակարգը» չավարտվի համաձայնագրի ստորագրմամբ, նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները կորոշեն, որ նա ամբողջությամբ ձախողվել է կառավարության ղեկավարի պաշտոնում։
Նրա կարծիքով դժվար է ասել, թե քանի մարդ է աջակցում Փաշինյանի քաղաքականությանը, բայց ավելի շատ հենց փախստականներն են ցանկանում շարունակել պայքարը Ղարաբաղի համար։ «Ամեն դեպքում, այն աջակցությունը, որն ուներ Փաշինյանի թիմը երկրի ղեկավարման սկզբում, այլևս չկա և, ամենայն հավանականությամբ, չի լինի»,- կարծիք է հայտնել փորձագետը։ Միաժամանակ Եվստրատովը չի հավատում, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կհամաձայնի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Նախ, Բաքուն որևէ կերպ չի տուժում համաձայնության բացակայությունից։ Երկրորդ, Ադրբեջանի իշխանությունները զիջումների գնալու Փաշինյանի պատրաստակամությունը համարում են իրենց դիրքերն էլ ավելի ամրապնդելու հնարավորություն։
Քաղաքագետ Միքայել Զոլյանն էլ, ընդհակառակը, համոզված է, որ հայերի մեծամասնությունը չի ցանկանում շարունակել պայքարը Ղարաբաղի համար: «Ձևակերպումն ինքնին մի քիչ տարօրինակ է, քանի որ Ղարաբաղյան շարժումը վաղուց է ավարտվել: Այդպիսով Փաշինյանը, հավանաբար, ազդանշան է ուղարկում Թուրքիային և Ադրբեջանին, որ Երևանը չի պատրաստվում պայքարել ԼՂՀ վերածննդի համար:
Հայրենասիրական դիսկուսի շրջանակներում դեռևս կարելի է հայտարարել հակառակը, բայց բանն այն է, որ ոչ մեկը չի ցանկանում վտանգել իր կյանքը: Հնարավոր է, որ եթե այս պահին լիներ Հայաստանի հաղթանակի գոնե մեկ քիչ թե շատ իրատեսական սցենար, ապա տրամադրություններն այլ կլինեին»,- եզրափակել է Զոլյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը