Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռուսական բիլիարդ

Բիլիարդը սեղանի խաղերի շարքի ընդհանուր անվանումն է։ Այդ խաղի բոլոր տեսակների պարտադիր հատկանիշը բիլիարդի սեղանի, զույգ կիերի և մի շարք գնդերի առկայությունն է: Դարերի ընթացքում բիլիարդը շրջել է աշխարհով մեկ փոխելով և կլանելով Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի ժողովուրդների ազգային բնավորությունը, սակայն դրա հիմնական սկզբունքները մնացել են անփոփոխ: Այսօր կան խաղի մի քանի հիմնական տեսակներ:
Գրպանային՝ լուզային բիլիարդի ռուսական (բուրգ) տեսակը սկսել է զարգանալ Ռուսական կայսրությունում դեռ 18-րդ դարում։ Ներկայում ռուսական բիլիարդը նախկին ԽՍՀՄ տարածքում ամենահայտնի բիլիարդ խաղի կարգավիճակն ունի։ Խաղի հիմնական առանձնահատկությունը մեծ գնդերի օգտագործումն է, որոնք աննշան են փոքր, քան գրպաններն են: Խաղային գնդերը սովորաբար սպիտակ են և համարակալված 1-ից 15-ը: Հարվածային գունդը դեղին կամ կարմիր է:
Ռուսաստանում բիլիարդը հայտնվել է 18-րդ դարի սկզբին, Պետրոս I-ի օրոք։ Լինելով Հոլանդիայում և ծանոթանալով այդ խաղին Պետրոսը պատվիրել է իր համար բիլիարդի սեղան, և այդ խաղը դարձել է նրա սիրելի զբաղմունքը։ Հետևելով ցարի օրինակին նրա վստահելի անձինք նույնպես սկսել են իրենց տներում բիլիարդի սեղաններ ունենալ։ 1718 թվականի հրամանագրով ցարը փաստացի օրինականացրել է բիլիարդը՝ ի տարբերություն թղթախաղի, որն այն ժամանակ արգելված էր։ Որոշ ժամանակ անց բիլիարդն արագորեն հաստատվել է ազնվական կալվածքներում, պալատներում և տարբեր ակումբներում։ Հետո բիլիարդն էլ ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերել կայսրուհի Աննա Իվանովնայի օրոք, ով գրեթե ամեն օր էր խաղում այդ խաղը: 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին բիլիարդը դարձել է ազնվականության պարտադիր ատրիբուտ։ Աստիճանաբար խաղը հասանելի է դարձել ոչ միայն արիստոկրատիայի, սպաների և «բարձր հասարակության» ներկայացուցիչների, այլ նաև սովորական առևտրականների և ժողովրդի համար։
Բիլիարդի սեղանների ձևերն ու չափերը բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել։
Սկզբում դրանք քառակուսի էին, ինչն անհարմար էր խաղացողների համար: Հետագայում հիմք ընդունվեց մոտավորապես 1:2 կողմի երկարության հարաբերակցությամբ ուղղանկյունը, իսկ գրպանների թիվն ութից նվազեցվեց վեցի։ Ռուսական բիլիարդի էվոլյուցիայի հիմնական տարբերությունը եղել է նրա խստությունը, որը պահանջել է հարվածի բարձր ճշգրտություն։ Եթե ամերիկյան բիլիարդում գնդերի չափերը շատ ավելի փոքր են, քան գրպանի լայնությունը, ապա ռուսական բուրգում դրանք գրեթե նույնն են, և գունդն ընկնում է ներս միայն շատ ճշգրիտ շարժման շնորհիվ: Ռուսական բիլիարդի կանոնների մասին առաջին անգամ գրվել է 1853 թվականին, և դրա հեղինակը Բակաստովն էր, ով, ի թիվս այլ բաների, առաջնորդվել էր Ֆրայբերգի ստեղծագործություններով։ Հետագայում խաղի տեսական մասում իր ներդրումն է ունեցել նաև Անատոլի Լեմանը։ Նրա աշխատանքում էր, որ կանոնները եղել են հստակ կառուցված և համակարգված: Այնուամենայնիվ, այդ կանոնները զգալիորեն տարբերվում էին այսօրվա կիրառվող կանոններից։
Ներկայումս ռուսական բիլիարդն ունի 4 տարատեսակներ.
–Ազատ բուրգ (ամերիկանկա): Կարելի է հարվածել ցանկացած գնդի: Միավոր է բերում և՛ հարվածային գնի, և՛ թիրախային գնի գրպան ընկնելը, հաղթում է նա, ով ծփում է 8 գունդ:
–Համակցված բուրգ: Ընդհանուր առմամբ, խաղը նման է ամերիկանկային, բայց կան տարբերություններ։
–Դինամիկ բուրգ (Նևսկայա, Պիտերսկայա): Նունն է մի շարք նրբերանգներով:
–Դասական բուրգ: Հաղթողը որոշվում է հարվածային գնդով գրպանները լցրած թիրախային գնդերի շնորհիվ վաստակած միավորների քանակով: Դասական բուրգի մյուս կարևոր հատկանիշը պատվիրված հարվածների կատարումն է, խաղացողը պետք է նախապես հայտարարի, թե ի՞նչ է անում:
Կ. Խաչիկյան