Վթար՝ Երևանում․ 3 ծայրահեղ ծանր վիրավոր կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ ապրիլի 8-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, ովքեր վիրավորներից մեկին իրենց պարեկային ավտոմեքենայով են տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Գեղամ Մովսիսյանը և Մհեր Մկոյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը: