Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում բարդանում է հանրային հիասթափության, ապաքաղաքականության և Ղարաբաղի համար պարտված պատերազմի հետևանքների պատճառով, Հայաստանի հեռանալը ՀԱՊԿ-ից շարունակվում է, բայց Մոսկվան ակնհայտորեն չի շտապում որևէ տնտեսական սահմանափակում մտցնել, մեկնաբանել է քաղաքագետ Գեորգի Բովտը, գրում է bfm.ru–ն:
Հայաստանի վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կազմակերպությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում Գյումրիում՝ հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 37 տոկոսը, «կոմունիստները» հավաքել են 21 տոկոս։ Ընտրությունների նախաշեմին Փաշինյանի հակառակորդները պայմանավորվել են, որ ոչ մի դեպքում չեն սատարելու իշխող կուսակցությանը։ Փոխարենը որոշել են Գյումրիի ավագանիում կոալիցիա կազմել երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժի շուրջ և միասնաբար ընտրել նոր քաղաքապետ։ Ինչպե՞ս է դա բնութագրում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը որոշակի խնդիրներ ունի վստահության վարկանիշի հետ կապված, որը ոչ թե աճում է, այլ ավելի շուտ նվազում է։ Այդ մասին են վկայում GALLUP International Association-ի վերջին հարցման արդյունքները: Եթե խորհրդարանական ընտրություններ անցկացվեին հիմա, հարցվածների 11,3 %-ը կքվեարկեր Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Սակայն մնացած բոլոր քաղաքական ուժերը հարցման արդյունքում ստացել են 7 %-ից էլ պակաս ձայն, այդ թվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, որը 6,5 %-ով զբաղեցրել է երրորդ տեղը։ Ի դեպ, Գյումրիում քաղաքի հիմնական ընդդիմադիր ուժը պարզվել է, որ ոչ թե նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ կազմակերպություններն են, այլ Կոմունիստական կուսակցությունը, որի ղեկավարը քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։ Այսպիսով, քանի որ ընդդիմությունը պատրաստվում է հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններին, նա պետք է հաղթահարի իր ավանդական անմիաբանությունը, որպեսզի կարողանա դիմակայել Փաշինյանի կուսակցությանը։
Հայերի մոտ հիասթափությունն այն քաղաքական ուժերից, որոնց դժգոհության հիման վրա ժամանակին իշխանության եկավ Փաշինյանը, և որոնց ոմանք անվանում են «ռուսամետ», ամենևին էլ չի վերացել։ Հասարակությունը բավականին ապակողմնորոշված է մի ամբողջ շարք չլուծված այնպիսի խնդիրների ֆոնին, որոնց շուրջ չկա ազգային կոնսենսուս։ Առկա է հիասթափության և ապաքաղաքականության ուժեղ զգացում։ Ղարաբաղի համար պարտված պատերազմի և դրա կորստի զգացմունքային ազդեցությունը չի անցել:
Ներկայումս հիմնական խնդիրը մնում է խաղաղության հարցը։ Երևանը վերջերս ընդունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի 17 կետերի վերջին երկու կետերը, որոնց շուրջ երկու երկրները չէին կարողանում համաձայնության գալ 2020 թվականի աշնանը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո հինգ տարի: Երևանը կարծում է, որ խաղաղության համաձայնագիրը լիովին պատրաստ է ստորագրման։ Թե որոնք են այս երկու առեղծվածային վիճելի կետերը, Երևանը չի հստակեցնում։ Լռությունը հասկանալի է՝ հաշվի առնելով հայ հասարակության սկզբունքորեն ոչ բոլորովին միանշանակ վերաբերմունքն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նկատմամբ, և դա առաջին հերթին Երևանի կողմից Ղարաբաղի նկատմամբ իր հավակնություններից վերջնականապես հրաժարվելու պատճառով։ Բաքուն և Երևանը երկար ժամանակ չեն կարողանում պայմանավորվել սահմանի սահմանազատման հարցում, և շատերը կարծում են, որ Երևանն այստեղ չափազանց շատ բան է զիջել։ Վեճ է եղել այդ սահմանին երրորդ երկրների առաքելությունների անթույլատրելիության, ինչպես նաև միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերը փոխադարձաբար հանելու վերաբերյալ։ Հայաստանի Սյունիքի մարզով դեպի ադրբեջանական անկլավ Նախիջևան Զանգեզուրի միջանցքի խնդիրը նույնպես ամբողջությամբ լուծված չի կարելի համարել։ Ադրբեջանը պնդում է իր պետության մասերի միջև տարանցման լիակատար ազատությունը, հիմնականում միջանցքի էքստրատերիտորականության վրա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է ևս երկու պայման, որոնց դեպքում Բաքուն կարող է խաղաղության պայմանագիր կնքել։ Դրանք իրենք չեն վերաբերում պայմանագրի կետերին։ Բայց Բաքուն պահանջում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացում, և ամենակարևորը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, որպեսզի հանվեն Անկախության հռչակագրի այն դրույթները, որտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղը։ Ինչին Հայաստանի արտգործնախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Սահմանադրությունը Հայաստանի ներքին խնդիրն է։ Թեև իշխանությունը սկզբունքորեն չի առարկում դրա դեմ։ Ինքը՝ Փաշինյանը, նույնպես ասել է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, քանի որ դրա ընդունման վերաբերյալ նախորդ բոլոր հանրաքվեները «լեգիտիմության հետ կապված խնդիրներ ունեն»։ Սակայն նա նաև հասկանում է, որ հանրաքվեի դնելը սպառնում է հասարակության լուրջ պառակտմանը։ Մյուս կողմից, հանրաքվեի հաջողությունը 2020 թվականի պատերազմում պարտության և Ղարաբաղի կորստի պատասխանատվությունը կփոխանցի ողջ հասարակության վրա։ Միևնույն ժամանակ, կարելի է շարունակել վախեցնել բոլորին «Քոչարյանական կոռումպացված ռեժիմի» իշխանության վերադարձով։
Միաժամանակ Փաշինյանը փորձում է շարունակել կուրսը դեպի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Համենայն դեպս, պետք է ենթադրել, որ «ղարաբաղյան գաղափարը» մասամբ փոխարինվի «եվրոպամետ կողմնորոշման» գաղափարով։ Վերջերս Հայաստանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Եվրամիությանն անդամակցելու գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծին, և հիմա առնվազը «վիզաների ազատականացումը» կարելի է հաջողությամբ «վաճառել» հասարակ մարդկանց։
Մոսկվայի և ընդհանրապես ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում ամեն ինչ ավելի բարդ է: ՀԱՊԿ-ից հեռանալը շարունակվում է, Երևանն արդեն իսկ հրաժարվել է վճարել կազմակերպության բյուջեին։ Սակայն «եվրաինտեգրման» կուրս հռչակելով Երևանը չի ցանկանա հրաժարվել ԵԱՏՄ-ին մասնակցելուց, թեև Մոսկվան ամեն կերպ հասկացնում է, որ անհնար է երկու աթոռի վրա նստել, քանի որ ԵԱՏՄ-ն ունի իր «մաքսային տարածքը, ապրանքների, ծառայությունների, մարդկանց, կապիտալի ազատ տեղաշարժի գոտին, մինչդեռ ԵՄ-ն ունի տարբեր նորմեր»։ Այնուամենայնիվ, քանի դեռ Երևանը քաղաքական հայտարարություններից չի անցել գործնական քայլերի, Մոսկվան ակնհայտորեն չի շտապի որևէ տնտեսական սահմանափակում մտցնել, այդ թվում այն պատճառով, որ Հայաստանը կարևոր դեր է խաղում որպես հակառուսական պատժամիջոցներով պատված աշխարհի լոգիստիկ «պատուհաններից» մեկը: Եվ հետո երբեք չգիտես, թե ինչպես կզարգանա ներքաղաքական իրավիճակը բուն Հայաստանում։ Առայժմ կարելի է նստել գետի ափին և սպասել, որ ինչ-որ մեկին ջրերը ներքև կտանեն ժամանակի հոսանքով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը