Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՌԴ Պետդումայի «Ռոդինա» կուսակցությունը ներկայացնող Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը մեկնաբանել է ՀԱՊԿ-ը ֆինանսավորելուց Հայաստանի հրաժարումը ենթադրելով, որ Երևանն իր համար ծանր հետևանքներ է ունենալու, գրում է mosregtoday.ru–ն:
Նրա խոսքով, այդ որոշումն ակնհայտորեն ցույց է տալիս Հայաստանի ցանկությունն ապահովելու արևմտյան երկրների աջակցությունը։ Պատգամավորը նշել է, որ Հայաստանի խորհրդարանն արդեն իսկ պաշտոնական որոշում է կայացրել Եվրամիությանն անդամակցելու մասին, թեև նույնիսկ ԵՄ ներկայիս անդամ երկրները նման բանաձևեր չունեն։
Ալեքսեյ Ժուրավլևը նաև կասկած է հայտնել, որ Հայաստանը նախկինում ֆինանսական ներդրումներ կատարել է ՀԱՊԿ-ին, քանի որ բաց աղբյուրներում նման տեղեկություններ չկան։ Նա հիշեցրել է հայ զինվորականների խորհրդանշական մասնակցությունը Ղազախստանում ՀԱՊԿ գործողությանը, որտեղ 200 զինծառայողներ զբաղվել են հացի գործարանի պահպանությամբ։
Պատգամավորը ենթադրել է, որ եթե Հայաստանը վերջնականապես խզի Ռուսաստանի հետ հարաբերությունները և դուրս գա կազմակերպությունից, կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել տարածքային հավակնություններ ունեցող հարևան պետությունների կողմից։ Միաժամանակ, նրա կարծիքով, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ԵՄ-ն հակամարտության դեպքում իրական օգնություն չեն ցուցաբերի Երևանին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը