Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անցած տարի Մոսկվայում ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել ադրբեջանցի Քամիլ Զեյնալին, որի նկատմամբ պատերազմական հանցագործության համար Հայաստանը միջպետական հետախուզում էր հայտարարել։ Հայտնի ֆիտնես բլոգերին ռուս ոստիկանները ձերբակալել էին Դոմոդեդովո օդանավակայանում 2024 թ. փետրվարին, երբ նա փորձում էր վերադառնալ Բաքու։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, թե նրա նկատմամբ սպանության մեղադրանքով միջպետական հետախուզում կա։ Զեյնալիին մեղադրում են 44–օրյա պատերազմի ընթացքում հայ ծերունուն գլխատելու համար։
Ռուսական կողմը ժամեր անց ազատ էր արձակել Զեյնալիին, որը վերադարձել էր Բաքու, նախօրեին էլ ուղիղ եթերում հայտարարել է, թե Հայաստանի կողմից հայտարարված հետախուզումն Ադրբեջանի ձեռնարկած ջանքերի շնորհիվ չեղարկվել է։ Հետախուզումը կարող է չեղարկվել միայն Հայաստանի ներքին գործերի նախարարության որոշմամբ, որն ընդհանրապես մամուլի հետ զրույցում չի հաստատում կամ հերքում տեղեկությունները, ընդամենը փորձում է լղոզել իրավիճակը, իսկ մինչ այդ հերթական «սաֆարովը» տարբեր հեռուստատեսային հաղորդումների է մասնակցում, ծաղրում Հայաստանին և հայ ժողովրդին` ամենևին չթաքցնելով, որ հենց ինքն է եղել հայ ծերունուն սպանողը։
Ադրբեջանի տարատեսակ պահանջները կատարելու հակումներ ունեցող փաշինյանական իշխանությունը վաղուց այլևս կորցրել է չափի ու արժանապատվության զգացումը։
Տաթևիկ Մարգարյան