«Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում մեկնարկել է Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը։ Ինչպե՞ս են արձագանքել Ռուսաստանում ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը և ինչո՞ւ է դա երկրին անհրաժեշտ փորձել է պարզել ura.news–ը։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 4-ին պաշտոնապես հաստատել է օրենքը, որով մեկնարկում է երկրի ինտեգրումը Եվրամիությանը։ Այդ մասին հայտնել են նախագահի ապարատի մամուլի ծառայությունից։
Հայաստանին ինչո՞ւ է պետք անդամակցել Եվրամիությանը: Հայաստանը Եվրամիության հետ մերձեցման կուրս է սահմանել չնայած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն։ Դա ռազմավարական քայլ է, որը թելադրված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Լեռնային Ղարաբաղում կրած ցավալի պարտությունից և Ադրբեջանի հետ շարունակվող լարվածությունից հետո Երևանը փնտրում է նոր դաշնակիցներ և անվտանգության լրացուցիչ երաշխիքներ, գրել է Коммерсант հրատարակությունը։ Եվրոպական վեկտորը Հայաստանին հնարավորություն է տալիս ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում և մուտք ունենալ դեպի զարգացման նոր ռեսուրսներ։ Երկրի քաղաքական ղեկավարությունը եվրաինտեգրումը դիտարկում է ոչ միայն որպես արտաքին քաղաքական նախագիծ, այլ նաև ներքին օրակարգի կարևոր տարր։ Անգամ բանակցությունների մեկնարկը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար՝ առանց վիզայի ռեժիմի հեռանկարից մինչև եվրոպական ներդրումների ներգրավում։ Միաժամանակ, Հայաստանը զգույշ հավասարակշռում է փորձելով չսրել հարաբերությունները Մոսկվայի հետ, որը մնում է երկրի կարևոր տնտեսական գործընկերը։
KP.RU-ին տված հարցազրույցի ժամանակ քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն էլ կարծիք է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանի Եվրամիությանն անդամակցելու որոշումը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու փորձ է։ Սակայն նա ընդգծել է, որ նման որոշմանն օրինական ուժ տալու համար անհրաժեշտ է Հայաստանում անցկացնել համապետական հանրաքվե։ Տարասովը նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունների նման գործողությունները կապված են առաջիկա ընտրությունների, ինչպես նաև իրենց նոր գործընկերներին հավատարմություն ցուցաբերելու ցանկության հետ։ Նա կասկած է հայտնել Երևանի իրական խնդիրների նկատմամբ Եվրոպայի հետաքրքրության անկեղծության վերաբերյալ ենթադրելով, որ Եվրոպան Հայաստանը տեսնում է միայն որպես Մոսկվային հակազդելու գործիք։ Քաղաքագետը նաև ընդգծել է Հայաստանի միաժամանակյա ինտեգրման անհնարինությունը եվրոպական և ռուսական տնտեսական և ռազմաքաղաքական այնպիսի կառույցներին, ինչպիսիք են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ):
Իսկ ի՞նչ են մտածում այս ամենի մասին Ռուսաստանում: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ անհնար է միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին։ Նա ԵԱՏՄ-ն անվանել է իրավահավասար պետությունների միություն, իսկ Եվրամիությունը «կպչուն կարգապահություն» ունեցող կառույց, որը ենթակա է «հակառուսական նարատիվներին»։ Միաժամանակ Գալուզինն ընդգծել է, որ վերջնական ընտրությունը Հայաստանինն է և հույս է հայտնել, որ Երևանը քաղաքացիներին կբացատրի ԵԱՏՄ-ի բոլոր օգուտները և նրա հետ հնարավոր խզումից կորուստների մասշտաբները։
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հայտարարել է, որ Հայաստանը «չի կարող նստել երկու աթոռի վրա»՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի։ Նա Երևանի ընդունած եվրաինտեգրման մասին օրենքն անվանել է դեկլարատիվ («բոլոր լավի համար բոլոր վատի դեմ»), սակայն ընդգծել է, որ վաղ թե ուշ երկիրը պետք է որոշում կայացնի։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ վերջերս իր հայ գործընկերոջը շնորհավորել էր այն առիթով, որ Ռուսաստանին և Հայաստանին հաջողվել է «քաղաքական երկխոսության բարձր մակարդակ պահպանել» չնայած «դաշինքը խարխլելու դրսից փորձերին»։ Հայաստանից, սակայն, հերքել են Մոսկվայի հետ համագործակցության «նոր ակտիվացման» մասին լուրերն ասելով, որ հարաբերությունները «չեն կարող անընդհատ լարված լինել», բայց Երևանը դժվար թե փոխի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում։
ՌԴ Պետդումայում էլ քննադատել են Հայաստանին ՀԱՊԿ-ը ֆինանսավորելուց հրաժարվելու համար: Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը («Հայրենիք») սուր քննադատության է ենթարկել Հայաստանին 2024 թվականի ՀԱՊԿ բյուջեն ստորագրելուց հրաժարվելու համար դա անվանելով «Արևմուտքի բարեհաճությունը շահելու փորձ»։ Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Հայաստանին չեն պաշտպանի իր «տարածքային պահանջներով» հարևաններից՝ ակնարկելով Ադրբեջանին։
Հայաստանի ակտիվ հռետորաբանությունը Եվրամիությանն անդամակցելու մասին կարող է մարտավարական մանևր լինել, որը կոչված է քողարկել երկրի արտաքին քաղաքականության իրական վերակողմնորոշումը, կարծում է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։ «Եվրաինտեգրման մասին ամպագոռգոռ հայտարարությունների հետևում կարելի է տեսնել իշխանությունների հետևողական կուրսը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ընդգծել թյուրքալեզու հարևանների հետ փոխգործակցության ռազմավարական նշանակությունն այն անվանելով Հայաստանի ապագայի բանալին։ Այնուամենայնիվ, Երևանի իրական նպատակը կարող է լինել ոչ այնքան եվրոպական հեռանկարը, որքան Անկարայի և Բաքվի հետ փոխգործակցության միջոցով տնտեսական և աշխարհաքաղաքական նոր հնարավորությունների որոնումը: Դա ապագայում կարող է արմատապես փոխել ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում»,– ասել է Արեշևը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը