Թրամփի առաջարկը Պուտինին. վերջ հակառուսական պատժամիջոցներին՝ միջուկային զինանոցը կրճատելու դիմաց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը The Times of London և Bild պարբերականներին տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ կտրուկ քննադատելով գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի վարած արտաքին քաղաքականությունը:
Թրամփի խոսքով՝ նա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին կառաջարկի չեղարկել Ղրիմի միացման պատճառով սահմանված հակառուսական պատժամիջոցները, եթե Մոսկվան դրա փոխարեն կրճատի միջուկային զինանոցը:
«Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներ կան, եկեք փորձենք այդ երկրի հետ համաձայնության գալ: Կարծում եմ՝ դրա շրջանակում նախևառաջ պետք է աստիճանաբար կրճատել միջուկային զինանոցը: Ներկայում Ռուսաստանը մեծ վնասներ է կրում պատժամիջոցների պատճառով, բայց, ըստ իս, այս հարցում կարող է փոփոխություն լինել, որից շատ մարդիկ կշահեն»,-ասել է 70-ամյա հանրապետականը:
Հիշեցնենք, որ Օբաման պաշտոնը լքելուց առաջ ևս 1 տարով երկարաձգել է 2014թ. Ղրիմի պատճառով սահմանված հակառուսական պատժամիջոցները:
Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն աշխարհի խոշորագույն միջուկային տերություններն են: Պետդեպի տվյալներով՝ ԱՄՆ-ն ռազմավարական հրթիռների ու ռումբերի վրա ունի 1.367 միջուկային մարտագլխիկ, մինչդեռ Ռուսաստանը՝ 1.796: