Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում անհաջող փաստարկներով բարձրաձայնել էր Ադրբեջանին` Տավուշի մարզի 4 գյուղեր հանձնելու անխուսափելիության մասին և հայտարարել, որ անձամբ կլինի տեղերում ու կխոսի մարդկանց հետ։ Նա վստահ էր, որ իր «տաղանդն» ու «հեղինակությունը» այս անգամ էլ կօգնեն կյանքի կոչել իր հերթական անհեթեթ զիջողականությունը։ Բայց, համենայնդեպս, այս անգամ, Փաշինյանը «սայթաքեց»։
Այսօր մեծ պատվիրակությունով, խոստացածի համաձայն` նա այցելեց Ոսկեպար, Կիրանց գյուղեր։ Թեև մարզպետը շատ էր ջանացել հանդիպումները ջերմ կազմակերպելու գործում` դրանք բավական սառն ու տհաճ են անցել։
Ոսկեպարի մշակույթի տանը հանդիպմանը մասնակցել են Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչներն ու համայնքապետերը։ Ոսկեպարցիների նախկին ջերմ ընդունելությունից դյուզն ինչ չէր մնացել․ շատերը նույնիսկ ոտքի չեն կանգնել երկրի ղեկավարի դահլիճ մտնելուց։ Հետագա հարցադրումներն ու հնչեցրած ռեպլիկները ոչ պակաս տհաճ են եղել։ Տեղի բնակիչներին հետաքրքրել է, թե ինչ երաշխիք կա, որ Ադրբեջանը դրանով կսահմանափակվի և ավելին չի պահանջի. Վրաստան տանող ճանապարհը վտանգվում է, Հայաստանի 31 գյուղերի տարածքներ ներկայումս Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացված են, ինչո՞ւ սահմանագծումն ու սահմանազատումը դրանցից չի սկսվում։
Այս և այլ բազմաթիվ մտահոգիչ հարցերի Փաշինյանը տվել է կամ անտրամաբանական, կամ անիրատեսական պատասխաններ, կամ էլ պարզապես սպառնացել է նոր պատերազմով` այս անգամ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։
Ի դեպ, նա չի մոռացել իր հետ տանել Հայաստանի այն մակետը, որը հպարտորեն թափահարում էր ասուլիսի ժամանակ։