ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի միակ բարեկամը, ինքնիշխանության ու պետականության միակ պահապանը Ռուսաստանը և նրա ժողովուրդն են». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները գնալով ավելի են բարդացնում Ռուսաստանի հետ հարաբերությունները, օրերս Մոսկվայում տեղի ունեցավ ուշագրավ իրադարձություն. անցկացվեց «Ռուսաստան-Հայաստան» 2-րդ հանրային ֆորումը, որը կազմակերպել էին «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժումը և Ռուսաստանի Դաշնության հանրային պալատը։ Համաժողովում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պատմական հիշողության թեմային՝ որպես ժողովուրդների միջև փոխըմբռնման և վստահության ամրապնդման կարևոր գործոն։ Մասնավորաբար, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ուղերձում հիշեցրել է երկու ժողովուրդների համար ընդհանուր պատմական տարեթվերի, օրինակ՝ Հաղթանակի 80-ամյակի և Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի կնքման 200-ամյակի մասին: ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ միջոցառումը թույլ կտա համակողմանի վերլուծել ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների առանցքային ասպեկտները, նախանշել դրանց զարգացման ուղիները, իսկ ամենակարևորը՝ ներդրում ունենալ երկու եղբայրական ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդման գործում: Ուշագրավ հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Մենք չենք հրաժարվում դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում»,-ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի ռազմական, էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորը։

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ Հայաստանի ապագան, նրա անկախությունը, նրա երիտասարդության ճակատագիրը շատ ավելի թանկ են, քան ցանկացած միլիոնավոր դոլարներ, որոնք այսօր գրպանում են հանրապետության ներկայիս իշխանության որոշ գործիչներ։ Նա վստահություն է հայտնել, որ «Եվրոպական երազանքի» ազդեցության տակ Հայաստանում կարծում են, որ կարող են դառնալ «Մոնտե Կառլո», սակայն դա հնարավոր չէ: Ֆորումի կազմակերպիչ «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանն իր հերթին շեշտել է, որ հայ-ռուսական հարաբերությունները և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ հայ ժողովրդի անվտանգության, և՛ պետականության պահպանման հիմքն են։

«Եկել է սթափվելու ժամանակը, մենք պետք է հստակ հասկանանք, որ եթե մեզ պետականություն է պետք, եթե մեզ համար թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, ապա մենք պետք է հստակ կանգնենք Ռուսաստանի կողքին, կառուցենք նրա հետ, օգնենք Ռուսաստանին կառուցել անվտանգության նոր ճարտարապետություն մեր տարածաշրջանում և աջակցել նրան մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,-ասել է Ավետիսյանը:

Նա միևնույն ժամանակ դիմել է հայ ժողովրդին՝ խնդրով ամուր պահպանել հայ-ռուսական, ազգային, անգնահատելի հարաբերությունները, «սիրենք ռուս ժողովրդին, Ռուսաստանին, որովհետև Հայաստանի Հանրապետության միակ բարեկամը և Հայաստանի ինքնիշխանության ու պետականության միակ պահապանը Ռուսաստանը և նրա ժողովուրդն են»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular