Արսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում Նիկոլ Փաշինյանի փոխարեն արդեն պատգամավորներն են գործադիրում վերադասավորումներ անում:
Ինչպես ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը ողջ իրավապահ կառույցի ղեկավարների ոտքի տակ փորեց ու հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը նրանց պաշտոնանկ անի, հիմա էլ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն է որոշել իրենով անել առողջապահության նախարարությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը այս օրերին լծվել է նախարար Անահիտ Ավանեսյանին պաշտոնանկ անելու գործին. Նիկոլ Փաշինյանի մոտ եւ նաեւ հրապարակավ նա մատնանշում է առողջապահության ոլորտում տիրող խայտառակ վիճակը, բացթողումները, որպեսզի Փաշինյանը վերջնական որոշում կայացնի Անահիտ Ավանեսյանի վերաբերյալ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց է մտքին դրել ազատվել Անահիտ Ավանեսյանից, ու «մազ» է մնում, որ վերջնական որոշում կայացնի, եւ եթե Թորոսյանը մի քիչ էլ ջանք թափի, ապա կհասնի իր նպատակին, ու Ավանեսյանը կհեռացվի:
Արսեն Թորոսյանը մտադիր է Անահիտ Ավանեսյանից հետո իր վստահելի մարդուն նշանակել այդ պաշտոնում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Արսեն Թորոսյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ չարձագանքեց»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: