ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թրամփը կարող է Կովկասի երկրներին անակընկալներ մատուցել»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահական ընտրություններից ստացավ այն, ինչ ցանկանում էր՝ Դոնալդ Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն, գրում է eurosianet.org-ը։ Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ Թրամփի նոր վարչակազմն ավելի քիչ ուշադրություն կդարձնի ԱՄՆ արտաքին քաղաքականության այնպիսի ուղենիշներին, ինչպիսիք են ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների հարգումը: Դա ողջունելի նորություն է ավտորիտար առաջնորդների, այդ թվում Ալիևի, ինչպես նաև Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության համար, որը վերջին տարիներին ոչ լիբերալ քաղաքականություն է վարում:

Նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ Ալիևը Թրամփի առաջին ժամկետն անվանել էր ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև «շատ արդյունավետ համագործակցության» շրջան։ Հիմա նա հույս է հայտնել, որ ջերմ հարաբերությունները կշարունակվեն Թրամփի երկրորդ նախագահության ընթացքում և ողջունելի հանգստություն կբերեն Բաքվին՝ Բայդենի վարչակազմի հետ չորս տարի տևած խոսակցական պատերազմներից հետո՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ: «Այս անգամ Միացյալ Նահանգները կգլխավորի ավելի փորձառու և ուժեղ Թրամփը։ Դա թույլ կտա նրան իրականացնել «Ամերիկան ​​կրկին մեծ դարձնենք» կարգախոսը», - նշվել է Բաքվի կառավարամետ լրատվական գործակալության խմբագրականում:

Սակայն որոշ հարցերում Թրամփի դիրքորոշումը, ինչպես նաև նրա կադրային որոշումները կարող են խնդիրներ ստեղծել Բաքվի համար։ Սկսենք նրանից, որ, ըստ փորձագետների, Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակը դժվար թե հետաքրքրի Թրամփին, և նա, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ քաղաքական կուրսի ձևավորման պատասխանատվությունը կփոխանցի իր ենթականերին։ Այդ պատճառով Բաքվում անհանգստություն են առաջացնում լայնորեն շրջանառվող լուրերը, թե Թրամփը մտադիր է Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյին առաջադրել պետքարտուղարի պաշտոնում։ Ռուբիոն, որը հայտնի է արտաքին քաղաքականության վերաբերյալ իր միջամտողական հայացքներով, անկեղծորեն է արտահայտվել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի և ղարաբաղցի հայերի նկատմամբ վերաբերմունքի մասին: 2023 թվականի հունիսին նա համահեղինակել էր օրինագիծ, որը դատապարտում էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և պատժամիջոցներ սահմանում այդ երկրի նկատմամբ։ Նա նաև բացահայտ քննադատել է Ալիևի վարչակազմի կողմից քաղաքական հակառակորդների և այլախոհների նկատմամբ ճնշումները: Ռուբիոյի նշանակումը կարող է Բաքվում անհանգստություն առաջացնել, քանի որ տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հիմնվելու է հոկտեմբերին սոցցանցերում Թրամփի տված խոստման վրա, այն է ուժեղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում: «Երբ ես դառնամ նախագահ, ես կսկսեմ պաշտպանել հալածվող քրիստոնյաներին, ես կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել էր Թրամփը:

Ադրբեջանցի մի շարք փորձագետներ վերաիմաստավորում են առաջիկա չորս տարիները։ «Այս պահին դժվար է ասել, թե իրականում ինչ նշանակություն կունենա Թրամփի ընտրությունը Հարավային Կովկասի համար, քանի որ դեռ շատ անհասկանալի կետեր կան։ Շատ բան կախված կլինի նրանից, թե Թրամփի վարչակազմն ինչ առաջնահերթություն է տալիս տարածաշրջանին»,- իր X էջում գրել է բաքվաբնակ վերլուծաբան Շուջաթ Ահմեդզադեն։

Թբիլիսիում էլ, հավանաբար, հույս ունեն, որ Թրամփի վերադարձը կթուլացնի Արևմուտքի ճնշումը Թբիլիսիի վրա ժողովրդավարական բարեփոխումների տեսակետից: Այնուամենայնիվ, մի շարք տարածաշրջանային փորձագետներ նշում են, որ Թրամփի վերադարձը կարող է լուրջ բացասական տնտեսական հետևանքներ ունենալ «Վրացական երազանքի» և տարածաշրջանի այլ պետությունների համար։

Թրամփի և «Վրացական երազանքի» միջև գաղափարական մտերմությունը, հավանաբար, էական դեր չի խաղա տարածաշրջանի նկատմամբ նրա հետաքրքրության բացակայության պատճառով, կարծում է Նյու Յորքի քաղաքային համալսարանի համեմատական ​​քաղաքականության պրոֆեսոր Ջուլի Ջորջը: «Կարծում եմ, որ Թրամփի վարչակազմն ակտիվ գործողություններ չի ձեռնարկի Կովկասի հետ կապված, հատկապես ժողովրդավարության և տնտեսական աջակցության խթանման հարցերում»,- ասել է նա։ Վրաստանը տարածաշրջանում ԱՄՆ օգնություն ստացողներից մեկն է, օրինակ 2023 թվականին այդ երկրին տրվել է ավելի քան 150 միլիոն դոլար։ Թրամփն ակնարկել է այն ծրագրերի ֆինանսավորումը կրճատելու մասին, որոնք հստակ և ուղղակիորեն օգուտ չեն բերում Միացյալ Նահանգներին: «Թրամփի ընտրությունը հնարավոր է դարձել բնակչության տարբեր շերտերի ձայների շնորհիվ, այդ շերտերից մեկն ունի մեկուսացման տրամադրություններ և շահագրգռված չէ այլ երկրների զարգացման վրա գումարներ ծախսելու հարցում,-բացատրել է Ջորջը,- առաջնորդների նոր սերունդը հակված չէ խստորեն հավատարիմ մնալ սառը պատերազմի դաշինքներին և հիերարխիկ կառույցներին և ավելի քիչ զգայուն է ռուսական իմպերիալիզմի նկատմամբ»:

Թրամփի նախագահությունը կարող է նաև այլ տեսակի անակնկալ մատուցել «Վրացական երազանքին»: Մասնավորապես, Թրամփը երկարաժամկետ հարաբերություններ ունի վրացական ընդդիմության առաջնորդ և նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ։

Հարցերը, որոնք կծագեն Թրամփի երկրորդ նախագահական ժամկետում արդեն ճշգրտումներ են մտցնում Կովկասում աշխարհաքաղաքական հաշվարկներում, ասել է Բաքվից փորձագետ Շուջաթ Ահմեդզադեն։ «Ավելի փոքր երկրները, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, հնարավոր է, որ ստիպված լինեն արագացնել իրենց ջանքերը  հարաբերություններն այլ մեծ տերությունների, այդ թվում Ռուսաստանի և Չինաստանի հետ վերանայելու հարցում», - գրել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular