ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասլանյանի հետ կատարվածը՝ դաս ցանկացած քպականի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կատարվածը, ըստ էության, պետք է դաս լինի յուրաքանչյուր քպականի համար, թե ինչ է լինում, երբ փորձում են նույնիսկ մեղմորեն դիմադրել Փաշինյանի ապօրինի հրահանգներին և մեկ ակնթարթ տղամարդկություն դրսևորել։

Երեկ ավելի վաղ Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ նախընտրում է արդարությունը և հանուն ընկերոջ՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի, մեկ ամսով կասեցնում է անդամակցությունը Փաշինյանի գլխավորած կուսակցությանը: Այս հայտարարությունից ժամեր անց Հակոբ Ասլանյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ նամակագրության սքրինշոթը։ ՔՊ-ական նախարարն Ասլանյանին տեքստ էր ուղարկել, որ նա իր անունից հրապարակի նախարարի ձևակերպած տեքստը, որ զղջում է հայտարարությունների համար։ Ասլանյանն էլ սխալմամբ ամբողջական նկարն էր դրել՝ բացահայտելով, որ հրահանգները ստացել է Հայրապետյանից։

Սկանդալային իրավիճակը հանգուցալուծելու համար ՔՊ խմբակցությունը երեկ երեկոյան նիստ էր գումարել, փակ դռների ետևում շան լափ լցրել Ասլանյանի գլխին, նվաստացրել, ապա և հեռացրել խմբակցությունից։ Ըստ ձևակերպման, «լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»: Վահագն Ալեքսանյանն էլ հաստատել էր, որ դա տեղի կունենա ցանկացածի հետ, ով կփորձի պաշտպանել Հովիկ Աղազարյանին։

Հակոբ Ասլանյանը, նախնական տեղեկություններով, մանդատ վայր դնելու ցանկություն չունի։ Բայց վստահաբար կարելի է ասել, որ առաջիկայում նա էլ է հայտնվելու իրավապահների ուշադրության կենտրոնում։ Չի բացառվում, որ իշխանական քարոզչամեքենան կեղտոտ ստերի տարափ տեղա Ասլանյանի հասցեին։ Հովիկ Աղազարյանի հետ կատարվողը՝ վկա։ 

Հասմիկ Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular