Իսրայելի հարվածներից Գազայի հատվածում առնվազն 66 պաղեստինցի է զոհվել. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելական ավիահարվածներից Գազայի հատվածում 66 մարդ է զոհվել դեկտեմբերի 12-ի ընթացքում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նուսեյրաթի փախստականների ճամբարում գտնվող փոստի շենքին հասցված հարվածից զոհվել է առնվազն 30 մարդ։ Փոստում ապաստան էին գտել տեղահանված պաղեստինցիները։ Հարվածից նաև վնասվել են մոտակա շենքերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 12-ին Նուսեյրաթի փախստականների ճամբարին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել էր 28 մարդ։
Զոհեր կան նաև Ռաֆահին և Խան Յունիսին հասցված հարվածներից։ Նրանց մեծ մասն, ըստ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած աղբյուրների, կապված էին խմբավորման հետ։
2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակման հետևանքով Իսրայելում մոտ 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ժամանակ։ 100 պատանդ դեռ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, գերազանցել է 44 800-ը։