ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ կանոնակարգվում է անհատական շարժունակության միջոցներով երթևեկությունը: 

Ներքին գործերի նախարարության օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է Անհատական շարժունակության միջոց հասկացությունը։ Այն մեկ կամ մի քանի անիվ ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար, օրինակ՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գերոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ։

Անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։
Մինչև 18 տարեկան անձանց կողմից, բացառությամբ 16 տարին լրացած և AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց, անհատական շարժունակության միջոցներով երթևեկության թույլատրելի վայրերը սահմանվում են համայնքի ավագանու կողմից:

Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությունը թույլատրվում է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար նախատեսված գոտիով, դրանց բացակայության կամ դրանցով երթևեկելու անհնարինության դեպքում` օրենքով սահմանված այլ վայրերում: Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով։
Անհատական շարժունակության միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն այդ միջոցները բնակավայրերի սահմաններում կամ համայնքի ավագանու արգելած վայրերում 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։

Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ։ Բացառություն է, եթե այն պահվում է առանց ձեռքերի օգտագործման, օրինակ՝ ուսապարկ կրելը։

Արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին։

Եթե ապրանքների առաքում իրականացնող անձը առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով է վարում հեծանիվը, մոպեդը կամ ինքնագլորը, ապա նախատեսված է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով։

2025 թ․ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում նաև կարգավորումը, ըստ որի՝ եթե անհատական շարժունակության միջոցը օրենքով սահմանված կարգով կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք՝ կազմակերպությունների համար նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի, իսկ ֆիզիկական անձնանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular