ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

ՄՇԱԿՈՒՅԹ

Դեկտեմբերի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է: 

Բերկրառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը: 

Սրբազան արարողությանը, Հայ Եկեղեցու ընկալյալ ավանդությանը համահունչ, Մակար Սրբազանի ձեռամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 11 սաներ և Քահանայից պատրաստության լսարանի մեկ շրջանավարտ  արժանացան սարկավագական ձեռնադրության։   

Նախօրդ օրը՝ դեկտեմբերի 23-ին, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև տեղի էր ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողությունը: 

Գևորգյան հոգևոր ճեմարանի Բ լսարանի 9 սաներ արժանացել էին դպրության, Դ լսարանի 10 և Քահանայից պատրաստության Գ լսարանի 2 սաներ ուրարակրության և Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 11 ու Քահանայից պատրաստության լսարանի մեկ շրջանավարտ կիսասարկավագության աստիճանի: 

Սրբազան Հայրը Ձեռնադրության ավարտին, անդրադառնալով տոնի խորհրդին, ի մասնավորի ընդգծեց․ «Մարտիրոս Նախասարկավգը եղավ արքայության ճանապարհի՝ դրախտի մուտքի մոտ ծունկի եկած առաջին երանելին, ով խնդրեց մեզ համար և բարեխոսեց, որպեսզի մեր առաջ բացվեն հավիտենական կյանքի դռները։ Սուրբ Ստեփանոսը խոնարհ էր ու քաջ․ նա եղավ քրիստոնեական հավատքի, սիրո և զոհաբերության անդրանիկ օրինակը»։ 

Այնուհետև դիմելով նորընծա սարկավագներին՝ Մակար Սրբազանն ասաց․ «Սիրելի՛ սարկավագներ, այսօր՝ այս Սուրբ Տաճարում, ձեր ձեռնադրությամբ դուք ձեր ուսերին եք վերցնում Քրիստոսի լուծը, ուստի հարկ է, որ այն կրելու ողջ ընթացքին Սուրբ Ստեփանոսի օրինակով՝ խոնարհությամբ ու անսակարկ նվիրումով, սպասավորեք Տիրոջ Սուրբ Սեղանին։ Քաջ գիտակցեք, որ խոնրահություն չի նշանակում վախկոտություն։ Խոնարհությունն ու քաջությունը սիրո արդյունք են և բխում են սուրբ սրտից, ինչպես որ հրաշալի կերպով Սուրբ Հովհաննես առաքյալն է վկայում․ «Ճշմարիտ սիրո մեջ երկյուղ չկա» (Ա Հովհաննես 4:18)։ Ձեր ծառայությունը խարսխեք սիրո վրա և վստահ եղեք, որ յուրաքանչյուր ձեռնարկումների մեջ պիտի հաջողեք»։ 

Պատարագիչ Սրբազանը նաև հորդորեց սարկավագներին նվիրումով իրագործել իրենց ծառայությունը հանուն Աստծո փառքի։ 

«Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ, որպեսզի մեր ժողովրդի զավակներին այս դժվարին ու հուսահատ վիճակում կարողանաք փոխանցել աստվածային սերն ու ամոքեք նրանց, զորացնեք հավատքով և ապագայի նկատմամբ հույսով»,-նշեց Սյունյաց թեմի առաջնորդը։ 

Մակար Սրբազանը նաև իր որդիական երախտագիտությունը հայտնեց Գարեգին Երկրորդ Հայրապետին` վերանորագյալ Մայր Տաճարում սարկավագական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։ 

Վերջում շնորհավորելով Հայոց Հայրապետին, Մայր Աթոռի լուսարարապետությանը, ճեմարանի և Քահանայից պատրաստման լսարանի տեսչին, միաբաններին, ծնողներին և հավատավոր ուխտավորներին սարկավագական ձեռնադրության առիթով՝ Մակար Սրբազանը մաղթեց, որ Սուրբ Ստեփանոս Նախավկայի բարեխոսությունը մշտապես լինի ամենքի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular