ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հասել են վստահության աննախադեպ մակարդակի և բնութագրվում են որպես ռազմավարական գործընկերություն։ Սակայն, ինչպես հաստատում են վերջին իրադարձությունները, Մոսկվայի և Բաքվի միջև պարբերաբար փոխադարձ լարվածություն է դրսևորվում։ Ընդ որում, հաճախ դա ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, գրում է eadaily.com-ը։

Դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների (AZAL) ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունն աչքի ընկավ բավականին անսպասելի և միևնույն ժամանակ կոշտ հայտարարություններով ուղղված իր ռազմավարական գործընկերոջը։ Դեռ տարեվերջին (դեկտեմբերի 29-ին AzTV-ին տված հարցազրույցում) նախագահ Իլհամ Ալիևը սկսեց պնդել, որ այդ օդային միջադեպը ռուսական կողմի մեղքով է եղել։ Միաժամանակ, Ադրբեջանի ղեկավարը երեք նախապայման նախանշեց ինքնաթիռի կործանման շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար, այն է Մոսկվայից պաշտոնական ներողություն, մեղավորներին պատժել և փոխհատուցում տուժողներին։

Ալիևի նման կոշտ դատողությունների հետ կապված կա երկու վարկած: Ադրբեջանի ղեկավարը հայտնի է ինչպես իր պրագմատիզմով, այնպես էլ համաքաղաքացիների հետ իր յուրահատուկ հաղորդակցությամբ։ Արտաքին բնույթի նրա հայտարարություններից ու արարքներից շատերը որպես առաջնահերթ հասցեատեր ունեն ներքին լսարանը։ Ալիևը Ադրբեջանի քաղաքացիների աչքում ձգտում է ամեն ինչում երևալ որպես «ուժեղ առաջնորդ», որի հետ նույնիսկ համաշխարհային տերություններն են հաշվի նստում։ Լինեն դրանք Հայաստանի հասցեին ուղղված ռազմատենչ հայտարարությունները, Ֆրանսիայի և/կամ ԱՄՆ-ի հասցեին հնչեցրած ճառերը, Եվրամիության հասցեին կշտամբանքները, ամենուր և ամեն ինչում Ադրբեջանի նախագահը փորձում է չնվազեցնել «խիզախ և արդար» քաղաքական գործչի իր բարձր նշաձողը։ Սա առաջին վարկածով:

Երկրորդ վարկածն ընդհանուր առմամբ բխում է առաջինից, բայց ավելի սուբյեկտիվ է: Այսպիսով, հայ փորձագիտական հանրությունում կա կարծիք, որ Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ստիպել են Ադրբեջանի մշտական ղեկավարին էլ ավելի հաստատակամ լինել ուժի համաշխարհային կենտրոնների հետ հարաբերություններում, ավելի «քաջ ու արդար» երևալ իր գործընկերների և քաղաքացիների աչքերում: Պատճառը, իբր, այն է, որ Ալիևը մեծապես տպավորվել է նախագահ Բաշար Ասադի այդ արագ անկումից (որը տեղի է ունեցել AZAL ինքնաթիռի վթարից մոտավորապես երեք շաբաթ առաջ), բանն այն է, որ նա նույնպես «իշխանությունը ժառանգել է» իր հորից։

Բացի այդ, ենթադրվում է, որ Ադրբեջանի ղեկավարը, ելնելով «սիրիական նախադեպից», եզրակացություններ է արել Ռուսաստանի «թուլության» վերաբերյալ, որն, ըստ նրա, այլևս ի վիճակի չէ պաշտպանել իր դաշնակիցներին Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում։ Այդ իսկ պատճառով էլ ռուսներին կարելի է հաշվի չառնել, քանի որ նրանք հայտնվել են «թույլ դիրքում»։ Այսինքն, եթե հետևենք Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վարքագծի մոդելի այս մեկնաբանությանը, ապա նա փորձում է «հնարավորինս թանկ վաճառել» ուղևորատար ինքնաթիռի հետ կապված միջադեպը դրա դիմաց Ռուսաստանից ապագայում ստանալով որոշակի զիջումներ։ Եվ դա ոչ միայն նյութական ու փոխհատուցման բնույթի։

Այսպես թե այնպես, Ալիևի մեղադրական տոնը Մոսկվայի նկատմամբ հարիր չէ գործընկերոջը։ Կարծես թե Ադրբեջանի, ինչպես նաև մի շարք այլ երկրների ղեկավարությունները հապճեպ լուրջ եզրակացություններ են արել մոտակա ժամանակներում Ռուսաստանի այն աստիճանի թուլացման մասին, որ նրա հետ հնարավոր է զրույց վարել ուժի դիրքերից։

Ակնհայտ է, որ ցանկացած զգայուն իրավիճակներում Մոսկվայի ավանդական վերաբերմունքը  բարեկամ պետությունների նկատմամբ ուղղված է հարթելու հարաբերությունների կոպիտ եզրերը, բայց դա մեկնաբանվում է որպես թուլության դրսևորում։ Հետևաբար, մեր տեսանկյունից, հասունացել է Ռուսաստանի  քաղաքականության որոշակի վերանայում իր կարևոր, բայց միևնույն ժամանակ շատ քմահաճ գործընկերների նկատմամբ։ Վերջնագրերին մոտ պահանջներին պետք է պատասխան տրվի նույն ձևով։ Եվ ոչ միայն ԱՊՀ երկրների հետ հարաբերություններ կառուցելու հարցում։

Այստեղ արժե հիշել Մոսկվայի ցուցաբերած մեղմությունն Անկարային, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում թուրքական F-16 կործանիչը խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը։ Այն ժամանակ Ռուսաստանը թույլ արձագանքեց իր թուրք գործընկերների ցուցադրական ագրեսիվ գործողություններին: Ամեն ինչ սահմանափակվեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողությամբ, և դա այն բանից հետո, երբ թուրքական կողմն անպատշաճ փորձեր արեց հերքելու իրենց մեղքը մարտական մեքենայի վթարի և դրա հրամանատարի մահվան մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular