ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագիրը, ինչպես և ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ նախագծին հավանություն տալը, սպասելիորեն հարուցել է Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս դաշնակիցների զարմանքն ու զայրույթը։ Ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության վերջին որոշմանը, մեջբերել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կարծիքն առ այն, որ միաժամանակ ԵԱՏՄ-ին և Եվրամիությանն անդամակցելն անհամատեղելի է, քանի որ տարբեր տնտեսական գոտիներ են։

«Անկասկած լեգիտիմ Հաայաստանի ղեկավարությունն ինքնիշխան իրավունք ունի որոշելու անդամակցության գործընթաց սկսել ցանկացած միջազգային միության հետ, որտեղ նրան սպասում են: Բայց նաև Հայաստանը պատասխանատվություն է կրում բոլոր դրական և բացասական կողմերը հաշվի առնելու համար», - ասել է Լավրովը: Խոսելով հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության և փաստաթղթի մասին՝ նա ասել է, որ շատ կարևոր է, թե ինչ է ենթադրում փաստաթուղթը: Լավրովը հայտարարել է, թե Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան, նրա այցը կարող է կայանալ շուտով։

Համաձայնագրին անդրադարձել են նաև ՀԱՊԿ-ից։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, նշել է, թե Երևանի և Վաշինգտոնի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար։ Տասմագամբետովը միևնույն ժամանակ ընդգծել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության բնույթն ու հեռանկարները գնահատելու համար անհրաժեշտ է նախ ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին։ «Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում, սակայն այս գործընկերությունը պետք է չստեղծի անվտանգության սպառնալիքներ այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Փաստացի, թե՛ Լավրովի, թե՛ Տասմագամբետովի շեշտադրումներում սպառնալիքների մասին ակնարկներ կան, իսկ ՀՀ գործող իշխանությունները, կարծես, խորապես թքած ունեն հնարավոր հետևանքների մասին, առաջ են շարժվում իրենց արևմտյան հովանավորների հրահանգներով՝ նոր աղետներ բերելով Հայաստանին։

Դիանա Անտոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular