Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը. ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը ողջունում է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմից էլ պատանդների և պահվող անձանց ազատ արձակում. այս մասին ասվում է X-ում ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Հուսով ենք, որ սա պաղեստինցի և իսրայելցի ժողովուրդների անվտանգության երաշխավորման գործիք կդառնա՝ ուղի հարթելով դեպի Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանում համապարփակ խաղաղություն և կայունություն: Բարձր է գնահատվում միջազգային համայնքի՝ հատկապես ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրել են այս նշանակալի հանգրվանին»,-նշված է գերատեսչության գրառման մեջ:
Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլրախման բին Ջասսիմ Ալ Տանին երեկ պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի կնքման մասին, այն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից։
Նա նշել է, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլը կտևի 42 օր։ Այդ ընթացքում կորոշվեն հաջորդ փուլի պայմանները, ազատ կարձակվեն 33 իսրայելցի պատանդներ։
Reuters-ը հայտնում է, որ «Հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները կսկսվեն առաջին փուլի 16-րդ օրը և կներառեն մնացած բոլոր պատանդների ազատ արձակումը, մշտական հրադադարի հասնելը և Գազայից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը:
Երրորդ փուլի շրջանակներում սպասվում է, որ կվերադարձվեն զոհվածների մնացած բոլոր մարմինները և կսկսվի Գազայի հատվածի վերականգնումը Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի հսկողության ներքո»: