Ռուբեն Վարդանյանի ուղերձը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են, այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը, դատավարությունից առաջ, ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ ուղերձ է փոխանցել՝ խնդրելով այն հանրայնացնել:
«Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է»,- իր ծավալուն ուղերձի վերջաբանում ասում է Վարդանյանը:
Ռուբեն Վարդանյանի քայլն, անշուշտ, անձնական արիության դրսևորում է, կարևոր ուղերձ, որը փաստացի ապալեգիտիմացնում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ այսօր Բաքվում մեկնարկող կեղծ դատավարությունը:
Վարդանյանի ուղերձի քաղաքական նշանակությունը, սակայն, այսքանով չի սահմանափակվում:
Բացահայտվում է զազրելի մի ճշմարտություն:
Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի իշխանությունները բոլոր ապօրինի մեթոդներով՝ ճնշումներ, կտտանքներ, կեղծիքներ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից կորզել են ցուցմունքներ:
Կասկածից վեր է, որ այս կեղծ ցուցմունքներն օգտագործվելու են ոչ միայն Արցախի պետականությունը վարկաբեկելու, այլ Հայաստանի պետականությունն ապալեգիտիմացնելու նպատակով:
Մեր հասարակությունը պետք է սառնասրտորեն արձագանքի այսօր մեկնարկող դատավարությանը՝ գիտակցելով, որ այն շինծու և ապօրինի գործընթաց է:
Մենք պարտավոր ենք կոնսոլիդացվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, Բաքվում պահվող մյուս պատանդների ազատության գաղափարի շուրջ՝ գիտակցելով, որ այդպիսով զորավիգ ենք լինում Հայաստանի Հանրապետությանը:
Սուրեն Սուրենյանց